Կկանոնակարգվի հանրային նշանակության գույքի օտարման հարցը
ՀՀ ազգային ժողովը մտադիր է կանոնակարգել ԽՍՀՄ տարիներին հանրային նշանակություն ունեցող գույքի օտարման հարցը։ 1991 թվականին ընդունված «ՀՀ սեփականության մասին» օրենքով ԽՍՀՄ տարիներին գործող բոլոր հասարակական կազմակերպությունների գույքերը որակվել են ՀՀ սեփականություն։ Այս մասին ասվել է ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս։
«Օրենքի բացի պատճառով հանրային նշանակություն ունեցող գույքերը (մարզադաշտեր, նախկին պետական այլ կառույցներ) անկախությունից հետո այս կամ այն ճանապարհով դարձել են իրավաբանական անձանց սեփականություն: Դրանց 80 և ավելի տոկոսն արդեն օտարված են, ու դրանց փոխարեն կամ շենք–շինություններ են կառուցված, կամ ուղղակի ամայացած մնացել են »,– ասել է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և հավելել, որ, Կադաստրի կոմիտեի տվյալներով խոսքն ավելի քան 27 000 գույքի մասին է։
Բոլոր դեպքերով առանձին ուսումնասիրություն է իրականացվում. այն դեպքերում, երբ կարծում են, որ պետության սեփականությունը ոչ իրավաչափ եղանակով է իրավաբանական անձանց անցում կատարել, գրավոր դիմում են դատախազություն։ Արդեն իսկ 2-3 դեպքով պետական շահերի պաշտպանության մասով հայցեր են ներկայացրել դատարաններ, որպեսզի դրանք կրկին ՀՀ սեփականության ներքո լինեն։