Արմենպրես. Լոռին, Սևանը, Դիլիջանն ու Ծաղկաձորը՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններ

Համաձայն ՀՀ սահմանային անցման կետերից ստացված տվյալների՝ 2024 թվականի հուլիսին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 237 հազար 600:
Արմենպրես-ի հետ զրույցում այս մասին ասել է Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանը՝ նշելով, որ ցուցանիշը նախորդ ամսվա՝ հունիսի հետ համեմատ աճել է շուրջ 31 տոկոսով, իսկ եթե համեմատենք նախորդ տարվա հուլիս ամսվա հետ, կա նվազում՝ 6-ից 7 տոկոսով:
«Այս պահին ունենք հունվար-հուլիսի ամփոփված տեղեկատվությունը, համաձայն որի՝ Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է շուրջ 1 միլիոն 184 հազար: Ցուցանիշը նախորդ տարվա յոթ ամսվա համեմատ նվազել է 6 տոկոսով»,-ասել է նա:
Անուշ Բաբայանի խոսքով՝ եթե այս տարվա 7 ամսվա ցուցանիշները համեմատենք 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ապա կարող ենք նշել, որ գրանցվել է այցելուների թվի աճ՝ շուրջ 21 տոկոսով: Իսկ 2019 թվականի հուլիսի համեմատ այցելությունների թիվն այս տարվա հուլիսին աճել է շուրջ 17 տոկոսով:
2023 թվականի 7 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցված նվազումը մասնագետը հիմնականում պայմանավորում է ՌԴ-ից Հայաստան այցելությունների կրճատմամբ:
«Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2024 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում կազմել է շուրջ 500 հազար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք 23 տոկոսով նվազում: Նշեմ, որ ընդհանուր այցելությունների թվում ՌԴ-ից այցելությունները կազմում են շուրջ 42 տոկոսը»,-ասել է Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը:
Սակայն կոմիտեից նշել են, որ վերջին տարիներին զբոսաշրջային այցելությունների որոշակի աճ է գրանցվել մի շարք այլ երկրներից, այդ թվում՝ Հնդկաստանից, Ֆիլիպիններից և Չինաստանից՝ որոշակիորեն լրացնելով ՌԴ-ից այցելությունների նվազման հետևանքով ձևավորված բացը:
Իսկ դեպի Հայաստան զբոսաշրջային աճն ապահոված երկրների ցանկը հիմնականում պահպանվել է՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստանը, Իրան, ԱՄՆ: