Հարկային օրենսգրքում նոր փոփոխություններ են առաջարկվում

ՀՀ կադաստրի կոմիտեն առաջարկում է չտուգանել քաղաքացիներին կադաստրի կոմիտեի թույլ տված սխալների պատճառով. Այդ նպատակով այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրվել է ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը օրենքում նման փոփոխության անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ 2011-2012 թվականներին կադաստրային տվյալների թվայնացում իրականացնելիս թույլ են տրվել սխալներ, ինչի պատճառով քաղաքացիները գույքահարկ են վճարել ավելի փոքր չափով:
Այդ խնդիրները բացահայտվում են միայն հիմա՝ թվային համապատասխան հարթակների ներդրումից հետո: Բացահայտման արդյունքում պարզվում է, որ մարդկանց վրա հաշվարկվում են տույժեր ու տուգանքներ չկատարված պարտավորության համար։
«Այնինչ այդ խնդիրը քաղաքացունը չէ, այլ պետական մարմնինը, որը տվյալների թարմացման ժամանակ թույլ է տվել որոշակի սխալներ։ Առաջանում էր տույժ-տուգանքների ծավալ, որ քաղաքացին ստիպված էր տանել- վճարել կամ վիճարկել դատական կարգով»,–ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը և հավելել, որ առաջարկած նախագծով քաղաքացիները կազատվեն տույժ-տուգանքները վճարելու պարտականությունից։