Քննարկվել է ԱՊՀ ձեւաչափում ծառայությունների ոլորտում փոխգործակցության զարգացմանն առնչվող համաձայնագիրը

Քննարկվել է ԱՊՀ ձեւաչափում ծառայությունների ոլորտում փոխգործակցության զարգացմանն առնչվող համաձայնագիրը

«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի վավերացումը կօժանդակի ԱՊՀ երկրներին օգտագործել իրենց ծառայությունների ոլորտների համեմատական առավելությունները, զարգացնել տնտեսական ինտեգրումը եւ խթանել կայուն տնտեսական աճը:

Փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի հունիսին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի միջեւ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սեւակ Միքայելյանի խոսքով համաձայնագիրը բխում է «Ազատ առեւտրի գոտու մասին» դեռեւս 2011 թվականին ստորագրված պայմանագրից: «Այս համաձայնագրով մենք ընդլայնում ենք այդ պայմանագրի շրջանակը եւ այն տարածում նաեւ ծառայությունների վրա»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ փաստաթղթի վավերացումը կնպաստի նշյալ ոլորտում ԱՊՀ ձեւաչափում ծավալվող փոխգործակցության հետագա զարգացմանը:

Համաձայնագրով նաեւ կարգավորվում են ծառայությունների անդրսահմանային առեւտուրը, ընկերությունների ստեղծման եւ գործունեության ոլորտը, մասնակից պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց տեղաշարժի եւ ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերի շրջանակը, ինչպես նաեւ ներդրումային գործունեությունը:

Սեւակ Միքայելյանի տեղեկացմամբ, համաձայնագրի հավելվածներով կարգավորվում են նաեւ ֆինանսական, հեռահաղորդակցության ոլորտներում ծառայությունների առեւտրի առանձնահատկությունները:

Նշվել է, որ ԱՊՀ գործադիր կոմիտեի գնահատականների համաձայն` կանխատեսվում է, որ համաձայնագրի կիրարկումն ԱՊՀ տարածքում ծառայությունների առեւտուրը կավելացնի 25 տոկոսով:

««Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն: