Աշխարհի երկրները ֆինանսավորել են ՄԱԿ-ի տարեկան բյուջեի միայն 40 տոկոսը

2024 թվականի հուլիսի դրությամբ՝ աշխարհի պետությունները ֆինանսավորել են ՄԱԿ-ի տարեկան բյուջեի միայն 40%-ը, ինչը ազդում է կազմակերպության գործունեության վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ և Ժնևում կազմակերպության Մարոկկոյի մշտական ներկայացուցիչ Օմար Զնիբերը։
«Հուլիսի դրությամբ ՄԱԿ-ը չի ստացել 2024 թվականի բյուջեի 60 տոկոսը: Դա, անշուշտ, բացասաբար է ազդում կազմակերպության գործունեության վրա», - ասել է նա:
Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանը մարտ ամսին փոխեց աշխատանքային ժամերը և փակեց որոշ շենքեր՝ ֆինանսավորման պակասի պատճառով։ Այդ քայլն արվեց 2024 թվականին 15 միլիոն դոլար խնայելու համար:
ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեն հաստատվում է մեկ ֆինանսական տարվա համար, որը տևում է հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը։ ՄԱԿ-ի 2024 թվականի բյուջեն ընդունվել է 3,27 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով։