ՄԱԿ-ի ՊԳԿ գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի

ՄԱԿ-ի ՊԳԿ գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ուղեկցությամբ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամից։ 
Խաղողի ազգային կոլեկցիոն այգին հիմնվել է 2016 թ.-ին՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Տեխնիկական աջակցություն խաղողի ֆիլոքսերադիմացկուն հավաստագրված տնկանյութի արտադրությանը» ծրագրի շրջանակներում։
Սա Հայաստանում խաղողի միակ ամբողջական կոլեկցիոն այգին է, որտեղ առկա են հայկական խաղողի շուրջ 400 գենոտիպեր։
Չյու Դոնգյուն և կազմակերպության մյուս ներկայացուցիչները ծանոթացել են այգում կատարված և շարունակական բնույթ կրող բարեկարգման աշխատանքներին։
Զարուհի Մուրադյանը կարևորել է կոլեկցիոն այգու առկայությունը գենետիկ ռեսուրսների պահպանության տեսանկյունից և ընդգծել խաղողի հայկական սորտերի գենոֆոնդի մանրակրկիտ ուսումնասիրության աշխատանքների կենսականությունը։
Հավելենք, որ վերջին տարիներին հիմնովին վերատնկվել և բարեկարգվել են այգու հենասյուները, նորոգվել է տարածքի ցանկապատը, փոխվել են այգու շարքերի լարերը, պարբերաբար կատարվում են հողի հարթեցման ու փխրեցման և մի շարք այլ աշխատանքներ։