Գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևորագույն պրոբլեմներից մեկը ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումն է. վարչապետ

Գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևորագույն պրոբլեմներից մեկը ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումն է. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման հարցին և նշել, որ այն գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևորագույն պրոբլեմներից մեկն է: «Ես 1-2 ամիս առաջ հանձնարարական եմ տվել, որ պետք է ջրային ռեսուրսների պետական ծրագիր ունենանք: Այն պետք է որդեգրենք կամ ներդնենք, որովհետև, ըստ էության, հանրապետությունում չկա մի այնպիսի բնակավայր, որը ոռոգման և խմելու ջրի հետ կապված խնդիր չունենա», - ասել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ ջրային ռեսուրսների ճիշտ գեներացումը, կենտրոնացումը և ճիշտ բաշխումը պետք է լինի Կառավարության ռազմավարական նպատակը. «Տասնյակ հազարավոր հեկտարներով նոր այգիներ և գյուղատնտեսական արդյունք տվող տարածքներ պետք է ներդնենք գյուղատնտեսության ոլորտում: Եվ սա մի խնդիր է, որն ընթացքի մեջ է: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այդ թեմայով արդեն զբաղվում է, և այս ուղղությունը պետք է շատ էականորեն զարգացնենք և գուցե, որոշ կառուցվածքային բնույթի փոփոխություններ անենք»:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առաջիկա անելիքները ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ, որը կլիմայի գլոբալ փոփոխությունների արդյունքում սրվում է: «Չնայած այս տարի կլիմայի փոփոխությունը մեր օգտին աշխատեց: Սևանա լիճը 21 սմ նախորդ տարվա համեմատ ավելի է, երեկ Հերհերի ջրամբարը լեփլեցուն էր, այսինքն՝ իր մաքսիմալ ծավալով լցված, բայց մենք չգիտենք, թե հաջորդ տարի ինչ կլինի: Նախորդ տարիներին մենք ունեցել ենք երաշտի շրջաններ և շատ հնարավոր է, որ ցիկլ է ձևավորվում, մի քանի տարի չոր, մի տարի ջրառատ։ Սա էլ պետք է մենք հաշվարկենք մասնագետների օգնությամբ, որպեսզի կարողանանք ճիշտ կողմնորոշվել այս հարցերում», - ասել է վարչապետը: