Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2024 թ. հունվար-հուլիսին աճել է 2․8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2024 թ. հունվար-հուլիսին ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,301.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023 թ-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2․8%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 9․6%-ով և կազմել 2,069.3 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 13․5%-ով և կազմել 1,251.0 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 6.1%-ով և կազմել 1,397.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 39․2%-ով և կազմել 0.8 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 29․8%-ով և կազմել 582.5 մլն կՎտ ժամ։
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 163.6 մլն կՎտ ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 145.9 մլն կՎտ ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների):
Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն` ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է:
Աղբյուրը` b24.am