Աղասի Թավադյան. էլեկտրիկ Հայաստան․ Ցանցի խոցելիությունից մինչև արևային հեռանկարներ

Ներկայացնում ենք տնտեսագետ Աղասի Թավադյանի վերլւծական նյութը․
Հայաստանի էլեկտրականության արտադրության վերլուծություն և կանխատեսում
Վերջին ամիսներին Երևանում նկատվում են էլեկտրականության մատակարարման հաճախակի անջատումներ, հատկապես Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ Այս անջատումները խաթարել են ոչ միայն բնականոն աշխատանքի և երթևեկության ընթացքը, այլ նաև մասսայական միջոցառումներ և կառավարության նիստը։ Այս ամենը նույնիսկ «հովհարային անջատումների» տպավորություն թողեց։ Ըստ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) այս անջատումները հիմնականում պայմանավորված էին Երևանում շինարարական և ճանապարհային աշխատանքներով։ Ըստ ՀԷՑ ներկայացված տվյալների էլեկտրական մալուխները վնասվել են 31 տոկոս կամ 1569֊ից 492 դեպքում այլ կազմակերպությունների ճանապարհաշինարարական աշխատանքների արդյունքում։ Սակայն ըստ ՀԷՑ-ի տվյալների մնացած 69 տոկոսը վնասվել է հենց ՀԷՑ-ի կողմից:
Գծապատկեր 1.
2024 թ. հուլիսի դրությամբ արևային էլեկտրակայանները կազմել են էլեկտրաէներգիայի արտադրության 10.1 տոկոսը:
Երկրորդ գծապատկերում երևում է էլեկտրականության արտադրությունն ըստ հիմնական աղբյուրների։ Այս գծապատկերը արտացոլում է էլեկտրականության տարեկան արտադրությունը՝ ըստ էլեկտրակայանների տեսակների: Գծապատկերի ստորին հատվածում տրված են յուրաքանչյուր տարվա արտարդրության տոկոսային կշիռները: Այսպես, 2015-ին էլ. արտադրության 35 տոկոսը ապահովել է ՋԷԿ-ը, 32-ը՝ ՀԱԷԿ-ը և 28-ը՝ ՀԷԿ-ը: 2024-ի հուլիսի դրությամբ արդեն համապատասխանաբար՝ 39, 31, 20, իսկ արևային էլեկտրակայանները՝ արդեն 10.1 տոկոսը:
Գծապատկեր 2.
Արևային էներգիայի կարևորությունը
Ծովային ելք չունեցող Հայաստանի համար, որը մեծապես կախված է ներկրվող հանածո վառելիքից, արևային էներգիան դառնում է առանցքային՝ էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: Նախ արևային էներգիան ապահովում է էներգիայի ապակենտրոնացված աղբյուր՝ նվազեցնելով կախվածությունը արտաքին մատակարարներից և բարելավելով էներգետիկ անվտանգությունը: Նշենք, որ 2023 թվականին 42 տոկոսը կամ 3 715.6 մլն կՎտ ժամը արտադրվել էր ՋԷԿ-ի կողմից, որը օգտագործում է Ռուսաստանից ներմուծված գազ էլեկտրականության արտադրման համար և ներքին շուկայում ամենաթանկ էլեկտրականության աղբյուրն է: Օգտագործելով արևի էներգիան՝ Հայաստանը կարող է զգալիորեն նվազեցնել իր խոցելիությունը աշխարհաքաղաքական լարվածություններից, գների տատանումների և ներմուծվող գազի հետ կապված մատակարարման խափանումներից:
Գծապատկեր 3.
Աճի հետ կապված մարտահրավերներ
Նշենք որ այս աճը որոշակի խնդիրներ կարող է բերել, այսպես` արևային էլեկտրաէներգիայի արտադրությունը ունի օրական և տարեկան սեզոնայնությունը։ Պիկային արտադրության ժամը կեսօրին է, սակայն պիկային սպառման ժամը՝ երեկոյան, երբ արևը արդեն մայր է մտնում։ Ավել աճի պարագայում պետք է լուծել հավելյալ արտադրված էլեկտրականության մարտկոցային պահպանման կամ այլ միջազգային ցանցերին միանալու հարցը, որպեսզի էլեկտրաէներգիայի արտադրությունը և սպառումը բալանսավորված լինեն։
Ավելին՝ tvyal.com