Ինչպե՞ս կարող են քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչները լիցենզիա և հավաստագիր ստանալ սեպտեմբերի 17-ից հետո

Ինչպե՞ս կարող են քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչները լիցենզիա և հավաստագիր ստանալ սեպտեմբերի 17-ից հետո

Քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների հավաստագրման և լիցենզավորման նոր ընթացակարգով սեպտեմբերի 9-ի դրությամբ տրամադրվել են արդեն 718 լիցենզիա, 1066 ներդիր և 2004 հավաստագիր: Եվս ավելի քան 500 հայտ ուսումնասիրման փուլում է։ Քաղաքաշինության կոմիտեն օրական ստանում է ավելի քան 250 հայտ։

Կոմիտեն հորդորում է շտապել և մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ urban.e-gov.am հարթակով ներկայացնել հավաստագրման, վերալիցենզավորման և ներդիրների ստացման հայտեր, որոնք կդիտարկվեն նաև վերջնաժամկետից հետո՝ անցումային կարգի պահանջներով։ Սահմանված ժամկետում չդիմած կազմակերպությունների լիցենզիան դադարելու է գործել։

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 17-ից հետո ևս կազմակերպությունները կարող են դիմել լիցենզավորման համար, սակայն գործելու են արդեն ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշման պահանջները (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186529)։ Այս դեպքում լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել նախորդող 5 տարիների ընթացքում տվյալ բնագավառում գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան առնվազն 3 աշխատանք՝ ի տարբերություն անցումային փուլում պահանջվող 1 աշխատանքի։

Միայն քաղաքաշինության բնագավառում նախկինում գործունեություն ծավալած տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան դիմելու 1-ին դասի լիցենզիայի համար։ Այսինքն՝ մինչև սեպտեմբերի 17-ը վերալիցենզավորման համար չդիմած կազմակերպությունների փորձը հաշվի կառնվի նաև վերջնաժամկետից հետո։ Կարևոր պայման է, որ ներկայացված 3 աշխատանքների պայմանագրերում հայտատուն լինի գլխավոր կապալառու, իսկ աշխատանքները կատարված լինեն առանց թերությունների, տույժերի և տուգանքների գանձումների։

Կախված դասից՝ սահմանված են պահանջներ նաև պաշտոնական կայքի առկայության, ինժեներատեխնիկական անձնակազմի, բանվորական կազմի վերաբերյալ։

Ոլորտում սկսնակ, առաջին անգամ լիցենզիայի համար դիմող կազմակերպությունը չի կարողանա ստանալ 1-ին՝ բարձր դասի լիցենզիա։ Նա կարող է դիմել քաղաքաշինական փաստաթղթերի կազմում և շինարարության իրականացում գործունեության տեսակների դեպքում միայն 3-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարության որակի տեխնիկական հսկողություն և քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում գործունեության տեսակների դեպքում՝ միայն 2-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար:

Ուշադրությո՛ւն, անցումային փուլում չհավաստագրված մասնագետները սեպտեմբերի 17-ից հետո հավաստագրման համար դիմելուց առաջ նախ պետք է անցնեն շարունակական մասնագիտական զարգացում, հավաքեն անհրաժեշտ կրեդիտներ և նոր միայն կարողանան դիմել հավաստագիր ստանալու համար։