Մխիթար Հայրապետյան. Արհեստական բանականությունը վերափոխելու է ողջ ՏՏ ոլորոտը, տնտեսության կառուցվածքը
Արհեստական բանականությունը (ԱԲ) փոխելու է ինչպես ՏՏ ոլորտը, այնպես էլ տնտեսության կառուցվածքը, և ԱԲ-ի ազդեցության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ մեդալն ունի երկու կողմ, և առաջինը վերաբերում է հնարավորություններին, որ ԱԲ-ն կարող է ընձեռել, այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի «ԱԲ. բո՞ւմ զարգացող շուկաների համար» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Դա կվերաբերի բոլոր ոլորտներին տնտեսության կառուցվածքում՝ առողջապահություն, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, էներգետիկա, բոլոր ոլորտները։ Այն մեզ կառաջարկի նոր լուծումներ, մեր կյանքն ավելի հեշտ կդարձնի, անշուշտ, դա ակնհայտ է։ Հայաստանի կառավարությունը միավորում է իր ջանքերը, որպեսզի առավելագույնս օգտագործի ԱԲ-ի ներուժը»,- ասաց նա։
Մեդալի մյուսը կողմը, ըստ նախարարի, վերաբերում է վախերին առ այն, թե ինչ վտանգներ իր հետ կարող է բերել ԱԲ-ն, օրինակ՝ ԱԲ-ն պաշտպանության ոլորտ բերելու և այն զենք դարձնելու վերաբերյալ վախերը, և այսպիսի քննարկումները շատ են տարածված տարբեր երկրներում, հարթակներում։
Նախարարը նշեց, որ Հայաստանը ներգրավված է մի շարք նախաձեռնություններում, որոնք վերաբերում են ԱԲ կիրառման կարգավորումներին, օրինակ՝ անել այնպես, որ ԱԲ-ն չդառնա ինչ-որ խմբի մենաշնորհը, քանի որ կառավարությունը համարում է, որ պատասխանատվություն է կրում այս հարցում։
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ երեք հիմնական ուղղություն կա, որ ՀՀ կառավարությունը հետևում է և ներդրումներ է անում, որպեսզի իրագործի իր առջև դրված նպատակները՝ մարդկային կապիտալ, ենթակառուցվածքներ և տվյալներ։
Անդրադառնալով խնդրին, թե ինչ մարտահրավերներ է ԱԲ-ն առաջացրել աշխատաշուկայում՝ նախարարը նշեց, որ տեղին են վախերը, որ ԱԲ-ն շատերին կփոխարինի իրենց աշխատանքում, հատկապես ՏՏ ոլորտում, որը բավական զարգացած է Հայաստանում։ Ըստ նրա՝ այս մտավախությունը հատկապես ռեալ է կոդ գրելու, մոնիտորինգ անելու, համակարգերի կառավարման և այլ մասնագիտությունների մարդկանց համար։
«Այս տիպի ՏՏ մասնագետների համար շատ ռիսկեր կան»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ԱԲ-ն վերափոխելու է ողջ ոլորոտը, տնտեսության կառուցվածքը։ Նրա խոսքով՝ Հայաստանում գործող շատ ՏՏ ընկերությունները իրենց աշխատողներին վերապատրաստում են, որպեսզի նրանք պատրաստ լինեն այս փոփոխություններին։
Աղբյուրը՝ news.am