Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը նվազել են 23 տոկոսով

2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը նվազել են 23 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ընթացքում այս մասին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Ըստ ոստիկանության տվյալների՝ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը նվազել են 23 տոկոսով։ Նվազել է նաև մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը․ եթե 2023 թվականի առաջինին կիսամյակում արձանագրվել էր մահվան ելքով 90 դեպք, ապա 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 68 դեպք, այսինքն՝ դեպքերը նվազել են 22-ով կամ 24.4 տոկոսով», - ասաց Վարդապետյանը։
Դատախազը նշել է, որ դատախազությունը միջնորդագրեր է ուղարկում իրավասու գերատեսչություններին հանրապետության տարածքում ճանապարհների խոցելի հատվածներում ճանապարհային նշաններ տեղադրելու, վերանորոգում իրականացնելու հարցով։ Նրա խոսքով՝ նաև դա է որոշակիորեն նպաստել մահվան ելքով պատահարների նվազմանը։