ՀՀ ֆինանսական կառույցների ներկայացուցիչները Ջրաշենում այցելել են տնկարաններ

ՀՀ ֆինանսական կառույցների ներկայացուցիչները Ջրաշենում այցելել են  տնկարաններ
Սեպտեմբերի 13-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, առևտրային բանկերի ղեկավարներն այցելեցին երկու տնկարաններ՝ անձամբ դիտարկելու ծառերի կպչողականությունն ու աճը: Նրանց ուղեկցում էին «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը, կազմակերպության այլ ներկայացուցիչներ:
Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին տնկարաններում տարվող խնամքի աշխատանքներից՝ շնորհակալություն հայտնելով «Իմ անտառ Հայաստանի» աշխատակիցներին հոգատար և ջանացավ վերաբերմունքի համար:
Գոռ Ասրյանը մարզպետ Արամ Ղազարյանի անունից ողջունեց և երախտագիտություն հայտնեց մարզում անտառատնկման նման մեծածավալ աշխատանքների իրականացման համար ու նշեց, որ Լոռու մարզպետի աշխատակազմը մշտապես աջակցություն է ցուցաբերում նման ողջունելի նախաձեռնություններին:
Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի Բանկերի միությունը և հանրապետության 18 առևտրային բանկերը՝ «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ, 2023թ.-ին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնել են 50 հա նոր անտառ՝ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար բնակավայրերում՝ տնկելով 160 000 ծառ (կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձ, վայրի խնձոր, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ)։
Հիմնված անտառը, որպես մնայուն արժեք, խորհրդանշելու է ազգային արժույթի հարատևությունը։
Անտառի 20 հեկտարը Ջրաշեն բնակավայրում է, ևս 30 հեկտարը՝ Ուրասարում։