Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Արարատի մարզում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում
Արարատի մարզի բոլոր համայնքներում ակտիվորեն ընթանում են Կառավարության՝ 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ամենատարբեր աշխատանքներ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի մի շարք փողոցներում համայնքների սոցիալական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցվում են կոյուղագծեր։ Համայնքի այս փողոցներում նախկինում երբեք կոյուղագիծ չի եղել։ Այս ծրագրի արժեքը շուրջ 116 միլիոն դրամ է, որի 65%-ը հատկացնում է Կառավարությունը, 35%-ը՝ համայնքը։
Համայնքի մի շարք փողոցներ այս տարվա ծրագրով կունենան նաև ասֆալտապատ փողոցներ։
Կառավարության աջակցությամբ հիմնանորոգվում են ք․ Արարատի, Զոդ Բանավանի, գ․ Արարատի, Վարդաշատի, Ավշարի, սահմանամերձ Պարույր Սևակի, Զանգակատան և Երասխի փողոցները։ Վերոնշյալ ծրագրի արժեքը շուրջ 551 միլիոն դրամ է։ Կառավարության մասնաբաժինը 55% է, համայնքինը՝ 45%:
2023 թվականին Կառավարության աջակցությամբ սկսվել, այս տարվա ծրագրով այս պահին շարունակվում են սահմանամերձ Երասխում և Արարատ վարչական շրջանում մարզադպրոցների կառուցման աշխատանքները։ Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը շուրջ 527 միլիոն դրամ է, որից 65%-ը հատկացնում է Կառավարությունը, 15%-ը համայնքի մասնաբաժինն է, 20%-ը՝ այլ ներդրողները։
Մարզադպրոցների կառուցումն ակտիվ փուլում է, սպորտային այս կառույցների շինաշխատանքները նախատեսում են ավարտել արդեն այս տարի։