Արարատի և Գեղարքունիքի մարզերում աշխատանքների մասին

Արարատի և Գեղարքունիքի մարզերում աշխատանքների մասին
Արարատի մարզի բոլոր համայնքներում ակտիվորեն ընթանում են Կառավարության 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ամենատարբեր աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից:
Արարատ համայնքի Արարատ բնակավայրի մի շարք փողոցներում համայնքների սոցիալական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցվում են կոյուղագծեր։ Համայնքի այս փողոցներում նախկինում երբեք կոյուղագիծ չի եղել։
Այս ծրագրի արժեքը շուրջ 116 միլիոն դրամ է, որի 65%–ը հատկացնում է Կառավարությունը, 35%–ը՝ համայնքը։ Համայնքի մի շարք փողոցներ այս տարվա ծրագրով կունենան նաև ասֆալտապատ փողոցներ։
Կառավարության աջակցությամբ հիմնանորոգվում են ք․ Արարատի, Զոդ Բանավանի, գ․ Արարատի, Վարդաշատի, Ավշարի, սահմանամերձ Պարույր Սևակի, Զանգակատան և Երասխի փողոցները։
Վերոնշյալ ծրագրի արժեքը շուրջ 551 միլիոն դրամ է։ Կառավարության մասնաբաժինը 55% է, համայնքինը՝ 45%: 2023 թվականին Կառավարության աջակցությամբ սկսվել, այս տարվա ծրագրով այս պահին շարունակվում են սահմանամերձ Երասխում և Արարատ վարչական շրջանում մարզադպրոցների կառուցման աշխատանքները։
Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը շուրջ 527 միլիոն դրամ է, որից 65%–ը հատկացնում է Կառավարությունը, 15%-ը համայնքի մասնաբաժինն է, 20%-ը՝ այլ ներդրողները։
Մարզադպրոցների կառուցումն ակտիվ փուլում է, սպորտային այս կառույցների շինաշխատանքները նախատեսում են ավարտել արդեն այս տարի։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից տեղեկանում ենք, որ շուտով մարզում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ կմեկնարկեն: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը 12 միլիոն 801 հազար դրամ է հատկացրել: Այդ գումարից 10 միլիոն 049 հազար դրամը կծախսվի  Տ-4-25, /Մ-10/-Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն-Մադինա մարզային նշանակության ավտոճանապարհի Վերին Գետաշեն բնակավայրում 2,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտբետոնյա ծածկի փոսային նորոգման աշխատանքների ձեռքբերման, իսկ 2 միլիոն 752 հազար դրամը՝ Տ-4-63, /Հ-7/-Ջիլ մարզային նշանակության 3,1 կիլոմետր երկարության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
Վերը նշված երկու ծրագրերի մեկնարկը կտրվի հաջորդ շաբաթվա ընթացքում։