Սեպտեմբերի 1-ից հետվճարի չափն ավելացել է․ ի՞նչ նոր փոփոխություններ ունի ծրագիրը

Կառավարության առաջարկով սեպտեմբերի 1-ից կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ գնումների դեպքում հետվճարի հաշվարկման համար կիրառվող 10 %-ը դարձնել 12 %, հետվճարի առավելագույն չափը 5000-ից դարձնել 6000 դրամ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և դրամական վճարների վարչության նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը ejc.am-ի հետ զրույցում նկատում է՝ հետվճարի հետ կապված փոփոխությունը պայմանավորված է կենսաթոշակառուների ակտիվ մասնակցությամբ։ Ըստ նրա՝ սա նոր խթան է, որ թոշակառուները գնումները նախընտրեն անել անկանխիկ եղանակով։
«Հետվճարի 12 տոկոսը վերաբերելու է սեպտեմբերին արված գործարքներին։ Այսինքն՝ թոշակառուն սեպտեմբերին անկանխիկ միջոցներով գնումներ արեց, մինչև հոկտեմբերի 25-ը կստանա փոխհատուցումը հետվճարի տեսքով։ Օրինակ՝ ցանկացած կենսաթոշակառու, որը ստանում է 50 հազար կենսաթոշակ, և դրանից այս ամիս 40 հազարի չափով պոստերմինալով առևտուր է անում, դրա դիմաց կստանա 12 տոկոսի չափով հետվճար»,- պարզաբանում է նա։
Նոր որոշմամբ ևս մեկ փոփոխություն կա․ եթե նախկինում հետվճարը գործում էր կոմունալների վճարման դեպքում, ապա հիմա այդ կետը հանվել է։ Հիմա կենսաթոշակառուները կոմունալների վճարման դեպքում հավելավճարներ չեն ստանա․ «Դրա նապատակը եղել է այն, որ մարդը հետվճար ստանա ոչ թե կոմունալներից, այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերումից, ավելի շատ վճարներ կատարի դրանց համար, քանի որ կոմունալներն այսպես թե այնպես պետք է վճարի»։ Նշենք, որ ամսական կտրվածքով կենսաթոշակառուների ընդհանուր ծախսերի մեջ կոմունալ ծառայությունների վճարը միջինում կազմել է 12 %։
2023 թվականին մեկ ամսում ծրագրից օգտվել է միջինում 44 հազար մարդ, քեշբեքը կազմել է 800 միլիոն դրամ։ 2024 թվականի հուլիսի դրությամբ ծրագրից օգտվում է շուրջ 240 հազար շահառու: Մեկնարկից ի վեր՝ օգոստոսը ներառյալ, կլինի շուրջ 9 մլրդ հետվճար: Իսկ պետական բյուջեից ծրագրի համար տրամադրվել է 10,2 միլիարդ դրամ։ Մարգարյանն ասում է՝ նախատեսվում է, որ տարվա վերջում շահառուների քանակը կլինի 280-ը։
«Այս պահին ծրագրին մասնակցող բանկերի թիվը 11 է, դրանք էլ են նախորդ տարվա համեմատ ավելացել, նախկինում կազմում էին վեց բանկ։ Սակայն բանկերն իրենց միջոցներից այլևս գումար չեն տրամադրում, ընդամենն իրենց բանկամատներով արված վճարումների կամ կենսաթոշակառուների վերաբերյալ տեղեկատվություն են փոխանցում մեզ։ Այսինքն՝ մինչև անցած տարի բանկերը մասնակցում էին հետվճարի ծրագրին, և 10 տոկոսի 5 տոկոսը վճարում էին իրենք, այս տարի հետվճարի գումարը ամբողջությամբ փակում է պետությունը»։
Արմեն Մարգարյանը վստահեցնում է, որ գյուղաբնակ կենսաթոշակառուները նույնպես ակտիվ օգտվում են ծրագրից։ Ըստ նրա՝ գյուղերում պոստերմինալների առկայության խնդիրները հնարավորինս լուծում են ստանում։
Ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից՝ ծրագրի մեկնարկից սկսած մինչև հուլիս ամիսը կազմում է 119 մլրդ դրամ: Եթե ծրագրի մեկնարկի առաջիկա ամիսներին կենսաթոշակային քարտերով թոշակ ստացողների թիվը 300 հարյուր հազարի շրջանակում էր, ապա այժմ շուրջ 540 հազար՝ քարտերով ստացող կենսաթոշակառուներ կան, որոնց, 44 %-ն արդեն օգտվում է այս ծրագրից։