Թուրք արտահանողները խնդրում են լուծել արտահանման խնդիրները

Թուրք արտահանողները պետական մարմիններին խնդրում են լուծել ՌԴ–ի հետ բիզնեսում առաջացած բանկային խնդիրները, որոնք առաջացել են ԱՄՆ–ի կիրառած պատժամիջոցների պատճառով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է երկրի պետական բանկերից մեկի աղբյուրը։
«Մենք` պետական մարմիններս, դիմում ենք ստանում մեր արտահանողներից, որոնք անմիջականորեն բիզնես են վարում Ռուսաստանի հետ։ Փոխանցումներ ստանալու հետ կապված խնդիրներ կան։ Մեր կողմից հունվարից սկսած դիմել ենք համապատասխան պետական մարմիններին` խնդրելով լուծումներ գտնել այս իրավիճակից։ Դեռ լուծում չկա»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է նաև, որ այս պահին աջակցման համար արտահանողների խնդրանքի վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում չկա։
ՌԻԱ Նովոստիին տեղական ֆինանսական շուկայի իրազեկ աղբյուրն էլ հայտնել է, որ Թուրքիայի բանկերն ԱՄՆ-ի կողմից ուժեղ ճնշում են զգում Ռուսաստանի հետ գործարքների պատճառով և պարբերաբար նախազգուշացումներ են ստանում փոխանցված միջոցների աղբյուրների խստագույն վերահսկողության անհրաժեշտության մասին։
Վերլուծաբան Սերհաթ Լատիֆօղլուն էլ ընդգծել է, որ թուրք արտահանողները տուժում են ՌԴ–ի դեմ կիրառվող ԱՄՆ–ի պատժամիջոցների և ճնշումների հետևանքով։ Էլեկտրոնիկայի, մետալուրգիայի և ավտոմոբիլաշինության ոլորտներում արտահանումը կրճատվել է 30%–ով։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա