ACSES. Հայաստանի զբաղվածության տրանսֆորմացիան, հուլիս 2021/24

ACSES.  Հայաստանի զբաղվածության տրանսֆորմացիան, հուլիս 2021/24
ACSES վերլուծական կենտրոնը ներկայացնում է Հայաստանի զբաղվածության տրանսֆորմացիան 2021–2024 թթ. հուլիսին. 

2024 թ-ի հուլիսին Հայաստանում աշխատատեղերի թիվը կազմել է ավելի քան 759 հազար, ինչը 2021թ-ի հուլիսի համեմատ ավել է մոտ 107 հազարով կամ 16%-ով:
Հարաբերական աճով առաջատարները տեղեկատվական տեխնոլոգիաների (53%), շինարարության (52%) և մշակույթի, զվարճությունների և հանգստի (43%) ոլորտներն են։ Նվազում արձանագրվել է պետական կառավարման ոլորտում (-2%)։
Աշխատատեղերի թվի հավելաճին ամենաշատը նպաստել են առևտրի (2.6 տոկոսային կետ կամ 16,846 նոր աշխատատեղ), շինարարության (1.9 տոկոսային կետ կամ 12,603 նոր աշխատատեղ) և արդյունաբերության (1.8 տոկոսային կետ կամ 11,709 նոր աշխատատեղ) ոլորտները։

Employees-waterfall-1.jpg (197 KB)

ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆայնանը` մեկնաբանելով տվյալները, ֆեյքբուքի իր էջում նշում է.

«2021թ-ի հուլիսի համեմատ 2024 թ-ին հանրապետությունում 107,000-ով ավել հաշվառված աշխատատեղեր կան, դրանց մի մասը, իմ համոզմամբ, չնչին մասը, ստվերի կրճատման արդյունք է, մնացածը նոր են ստեղծվել։

Մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ բնակչության ճնշող մեծամասնությունը տնտեսական աճը հենց նոր ստեղծված աշխատատեղերի և աշխատավարձի բարձրացման միջոցով է զգում, ընդ որում՝ այդ նոր ստեղծվածների մի փոքր մասն էլ զբաղեցրել են օտարերկրացիները։ Իսկ աշխատատեղերի աճին ամենամեծ նպաստումը ունեցել են 4 ոլորտ՝ առևտուր, շինարարություն, արդյունաբերություն և ՏՏ ծառայություններ, որոնցից գրեթե բոլորի վրա՝ բացառությամբ շինարարության, մեծ է եղել այսպես ասած «ռուսական գործոնի» ազդեցությունը»։