SPUTNIK Արմենիա. Քաոսային անկումը փլուզման կհանգեցնի. ի՞նչ է կատարվում Երևանի վարձակալության շուկայում

SPUTNIK Արմենիա. Քաոսային անկումը փլուզման կհանգեցնի. ի՞նչ է կատարվում Երևանի վարձակալության շուկայում

Երևանում վարձակալության գները նվազել են շուրջ 50 տոկոսով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց անշարժ գույքի անկախ մասնագետ Կարապետ Հովհաննիսյանը։

«Ռելոկանտների հոսքերը դադարել են, և լճացման ֆոնին գների կտրուկ անկում է նկատվում բնակարանների վարձակալության շուկայում։ Այն բնակարանը, որը նախորդ տարի վարձով էին տալիս 400 հազար դրամով, հիմա 230 հազարով չեն կարողանում տալ։ Անկումն ընդհանուր առմամբ կարելի է գնահատել մոտ 50%: Ըստ էության, մենք վերադառնում ենք նախկին գներին (մինչ ուկրաինական հակամարտությունը. խմբ.)», - ասաց նա։

Փորձագետի խոսքով` դիրքերն առայժմ չի զիջում Արաբկիր վարչական շրջանը: Քիչ թե շատ բարձր գները պահպանվում են հենց այդ տարածքում, բայց այնտեղ էլ արդեն մատչելի գնային առաջարկներ կան։
Բնակարանատերերից շատերը դեռ չեն հարմարվել ցածր գներ թելադրող շուկայական իրողություններին։ Նրանք գումար են ծախսել թանկարժեք վերանորոգման վրա` ոգևորվելով զբոսաշրջիկների նոր հոսքից, և հիմա չեն կարողանում համակերպվել իրենց բնակարանները ցածր գնով հանձնելու գաղափարին։ Հովհաննիսյանը ենթադրում է, որ ի սկզբանե վարձակալության համար նախատեսված բնակարանների մի մասը կմտնի վաճառքի շուկա։
Արտակարգ աշխուժությունն ու դրան հաջորդած լճացումը նա բացատրում է այն հանգամանքով, որ Հայաստանում վարձակալության շուկան որևէ կերպ չի կարգավորվում։

Վրաստանում, օրինակ, օրենսդրորեն ամրագրված են այն մարդկանց կատեգորիաները, որոնց հնարավոր չէ վտարել նույնիսկ հիմքերի առկայության դեպքում, կամ նրանց վտարման ընթացակարգը շատ բարդ է։ Այդ շարքում են անչափահասները, անապահովները, հաշմանդամները, բազմազավակ ընտանիքները, ինչպես նաև նրանք, ովքեր այլ բնակարան և եկամտի աղբյուր չունեն։ Այս օրենքը բավական սառեցրել է բնակարանատերերի ոգևորությունը։

«Իսկ մեզ մոտ ռելոկացիայի ալիքների ժամանակ բնակարանների սեփականատերերը զանգվածաբար դուրս հանեցին տեղացիներին և տները կրկնակի գնով հանձնեցին ռելոկանտներին։ Արդյունքում բնակարանների գների չարդարացված աճը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Երևանում կյանքի թանկացումը ռելոկանտների մեծամասնությանը ստիպեցին մեկնել թեկուզ Վրաստան, որտեղ մեկ ընտանիքը, կոպիտ հաշվարկներով, 1 ամսում կարող է 1000 դոլար խնայել։ Ռելոկանտների արտահոսքի մեջ իր դերը խաղաց նաև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը», - նշեց Հովհաննիսյանը։

Միջնորդներն ու անշարժ գույքի սեփականատերերը ենթադրում էին, որ որոշակի ակտիվություն կապահովեն Արցախից տեղահանվածները, սակայն այդ կանխատեսումները չիրականացան. պարզվեց, որ նրանց մի մասն այստեղ բնակարան ունի։ Բացի այդ, նրանցից շատերը գերադասեցին բնակություն հաստատել ոչ թե մայրաքաղաքում, այլ մարզերում։

Ավելին`   arm.sputniknews.ru