DigiTec-ի շրջանակում կկազմակերպվի «Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողով
2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի օրերին, կկազմակերպվի «Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողով։ Վերջինս համախմբելու է առաջատար փորձագետների, հետազոտողների և ոլորտի մասնագետների աշխարհի տարբեր երկրներից՝ համագործակցության և մտքերի փոխանակման հնարավորություն ստեղծելով։
Այդ նպատակով ԱՏՁՄ-ն և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը ստորագրել են հուշագիր։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել WCIT-ին այս բացառիկ հնարավորության համար։ Այսօր, WCIT-ի աջակցությամբ, նախաձեռնել ենք «Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողովը, որի շրջանակներում Հայաստանում կհյուրընկալենք ոլորտի առաջատար գիտնականների և մասնագետների աշխարհի տարբեր երկրներից։ Նրանք կգան Հայաստան ոչ միայն աշխատաժողովին մասնակցելու, այլև հայաստանյան ՏՏ ոլորտը ուսումնասիրելու և նոր կապեր հաստատելու համար», - ասել է Գիտական նորարարության և կրթության կենտրոնի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։
Աշխատաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգամերգային համալիրում և կանդրադառնա ռոբոտատեխնիկայի նորամուծություններին, դրանց կիրառման ոլորտներին և ապագա հեռանկարներին։ Մասնակիցները միջազգային փորձագետների հետ կքննարկեն ռոբոտների ինքնավարության մակարդակի բարձրացման տեխնոլոգիական լուծումները, մարտահրավերները, այդ համակարգերի ինտեգրումը տարբեր արդյունաբերական ոլորտներում:
Աշխատաժողովի և գրանցման վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ CSIE-ի կայքէջում։