Մարզային լրահոս

Ներկայացնում ենք տեղեկատվություն մարզերում կատարվող ծրագրերի մասին․
- Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով կենսական խնդիր է լուծվում Արարատ համայնքի Նոյակերտ, Արմաշ և Երասխ բնակավայրերում։ Ընթացքի մեջ են վերոնշյալ բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքները։
Գազատարի ներքին ցանցի կառուցման համար ծախսվում է շուրջ 79 միլիոն դրամ, որից 35%-ը համայնքի մասնաբաժինն է, 65%–ը հատկացնում է Կառավարությունը։
- Արմավիրի մարզպետի տեղակալը այցելել է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Արմավիրի մասնաճյուղ՝ հետևելու խաղողի մթերման գործընթացին:Ներկա պահին ընկերությունը մթերել է ավելի քան 9200 տոննա խաղող` 140 դրամ արժեքով: Մթերման գործընթացը շարունակվում է առանց հերթերի և խնդիրների:
- Մեկնարկել են Ամբերդ պատմամշակութային ամրոցի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները։ Ամբերդը մնում է Արագածոտնի մարզի զբոսաշրջային ամենագրավիչ ուղղություններից մեկը։ Վերջին 8 ամսում Ամբերդ է այցելել ավելի քան 22 հազար զբոսաշրջիկ
- Սյունիքում դեպի Տաթև տանող ճանապարհը հիմնանորոգվում է: 19.5 կմ ճանապարհահատվածը 2 գյուղական բնակավայրով է անցնում ու նպաստելու է տեղի բնակիչների, զբոսաշրջիկների անխոչընդոտ երթևեկին:
- Գեղարքունիքի մարզպետը այցելել է Գավառի և Մարտունու բժշկական կենտրոններ։ Նորոգվում է Գավառի ԲԿ՝ համակարգչային շերտագրման համար նախատեսված տարածքում, կենտրոնը կհամալրվի դիալիզի սարքավորումներով, նորոգվում են ջրամատակարարման խողովակները։ Իսկ Մարտունու ԲԿ-ն, պայմանավորված հիվանդների թվի աճով, կհամալրվի սարքավորումներով։
- Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Սանահին կայարան թաղամասում հետևել է ջրհեղեղից տուժած բնակարանների նորոգման շինաշխատանքների ընթացքին: Հետևել է ջրհեղեղից տուժած բնակարանների նորոգման, ինչպես նաև Քարկոփի դպրոցում ընթացող շինաշխատանքների ընթացքին:
- Շիրակի մարզպետարանում հյուրընկալվել են Կապսի ջրամբարի կառուցապատող՝ չինական «Շանսի Հայդրոլիք Քոնսթրաքշն Էնջինինիրինգ Բյուրո Գրուպ Կո» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վանգ Ժուքյանգին և կապալառու կազմակերպության ներկայացուցիչ Լյաո Դայսոնգին։ Քննարկվել են ջրամբարի շինարարությանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ մինչև տարեվերջ կկատարվեն հողային, հարթեցման, թունելի փորման և նոր հունի կառուցման աշխատանքներ։ Շինաշխատանքների իրականացման համար ներկրվել է շուրջ 5 տասնյակ մասնագիտացված խոշոր տեխնիկա, դրանց թիվն օրերս ավելացվելու է։