Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 130,000,000 ԱՄՆ դոլարով. գործադիրը նախագծին հավանություն է տվել

Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 130,000,000 ԱՄՆ դոլարով. գործադիրը նախագծին հավանություն է տվել

Կառավարության հավանությանն է արժանացել 2024 թ. սեպտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխությունը» հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Նախատեսվող փոփոխության համաձայն՝ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 130,000,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250,000,000 ԱՄՆ դոլարի՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու և ծրագրերի շրջանակն ընդալնելու նպատակով: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել այնպիսի առանցքային ոլորտների, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը:

Գործադիրը հավանություն է տվել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագրի ստորագրման առաջարկությանը։ Պայմանագիրը, մասնավորապես, նախատեսում է վերահսկվող օբյեկտների, ինչպիսիք են՝ թմրանյութեր, զենք, մշակութային, պատմական, արվեստի արժեքներ և այլն, պետական սահմանով ապօրինի տեղափոխման ոլորտում կատարվող հանցագործություններին հակազդելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկում: