Սյունիք այցելում է հիմնականում ինտելեկտուալ խավը. «Զբոսավարներ հարավից»

Փոխվե՞լ է արդյոք Սյունիքի զբոսաշրջային քարտեզը վերջին երկու տարում և ի՞նչ նոր ուղիներ և պրոդուկտներ է առաջարկում այս ոլորտը Սյունիքը բացահայտող հայ և արտերկրից ժամանած զբոսաշրջիկներին:
«Զբոսավարներ հարավից» ՀԿ-ի համահիմնադիր, ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը ներկայացնելով Սյունիքի մարզում զբոսաշրջային քարտեզն իր փոփոխություններով և բարեփոխումներով, նշեց, որ վերջին երկու տարում փոփոխություններ եղել են. որոշ զբոսաշրջային ուղղություններ կամ չեն օգտագործվում, կամ լիարժեք չեն օգտագործվում՝ միայն մասնագիտական նպատակներով: Նա օրինակեց Սոսու պուրակը Ներքին Հանդ գյուղի տարածքում, կամ Շիկահողի արգելոցի որոշ քայլարշավային ուղիներ, որոնք արդեն սահմանամերձ գոտի են:
Դրա փոխարեն, զբոսավարի ներկայացմամբ, Կապան քաղաքի հարակից տարածքում նոր ուղղություններով կարելի է զարմացնել զբոսաշրջիկներին՝ օրինակ հունական եկեղեցին, Կապանի արշավականներն առաջարկում են նաև Բաղաբերդի ու Հալիզորի ամրոցները և այլն:
«Մեծ հաշվով Սյունիքի մարզի զբոսաշրջությունն այնքան էլ չի տուժել»,-շեշտեց Դավիթ Հակոբյանը և հավելեց, որ հասկանալի պատճառներով Սյունիք այցելողների աշխարհագրությունն է փոխվել և քանակը:
Ըստ նրա, եթե նախորդ տարիներին այցելություների առումով առաջին տեղում ներքին զբոսաշրջիկներն էին, հետո Արևմտաեվրոպական երկրների, ԱՄՆ-ի, այնուհետև Ռուսաստանի Դաշնության ու Իրանի զբոսաշրջիկները, ապա այժմ հակառակն է:
Ավելացրեց նաև, որ նախ համավարակի հետ կապված, հետո ներկա իրողությամբ պայմանավորված՝ արևմտյան երկրներից զբոսաշրջիկների քանակը կրճատվել է: Ի դեպ, որոշ երկրներ երկու տարի առաջ հայտարարել էին Սյունիքի մարզի անցանկալի ուղղություն լինելու մասին՝ անվտանգության նկատառումներով, սակայն դա արդեն պատմություն է:
Իսկ ի՞նչ է հետաքրքրում զբոսաշրջիկներին Սյունիքի մարզում հարցին, պատասխանեց, որ զբոսաշրջության գրեթե բոլոր ճյուղերի հանդեպ հետաքրքություն կա, առանձնապես սեր է վայելում ներքին զբոսաշրջիկների շրջանում քայլարշավային և արկածային տուրիզմը:
Ինչ վերաբերում է դասական տուրիզմին՝ պատմամշակությաին հուշարձաններ, ամրոցներ, ապա և տեղի հայերի, և Ռուսաստանի հայ և ռուս զբոսաշրջիկների շրջանում մեծ է հետաքրքրությունը:
«Օրինաչափություն կա՝ Սյունիք այցում է հիմնականում ինտելեկտուալ խավը, պատահական զբոսաշրջիկները մարզում մեկ-երկու տոկոս են»,-ասաց նա և հավելեց, որ Սյունիքով հետաքրքրվողները հիմնականում գիտեն, թե ո՞ւր են գալիս և ի՞նչ են ցանկանում տեսնել:
Բացի արձակուրդները և հանգիստը անցկացնելուց, Սյունիքի մարզի հարուստ բնությամբ և կենդանական աշխարհի նկատմամբ ևս հետաքրքրություն կա։ Գիտական խմբեր են գալիս՝ ուսումնասիրելու և ճանաչելու մարզի ֆլորան և ֆաունան:
Իհարկե, նրա փոխանցմամբ, այս իրավիճակում տուժել է Գորիս քաղաքը՝ որպես զբոսաշրջային տրանզիտ քաղաք, սակայն Տաթև-Խնձորեսկ ուղղության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, և դա որոշ չափով փոխհատուցել է Գորիսի փոխված կարգավիճակը:
Տաթև-Կապան նոր ճանապարհը, Դ. Հակոբյանի ներկայացմամբ, արդեն մշակված զբոսաշրջային ուղի էր, նոր ճանապարհը ուղի է նաև այժմ Տաթև-Խուսուտուփ ուղղության, ընդհանրապես էկոզբոսաշրջության, քայլարշավային տուրիզմով հետաքրքրվողների համար:
Ի դեպ, փոխանցեց, որ որոշ խոսակցություններ կան, որ մեկ-երկու տարվա ընթացքում կենդանական աշխարհը մարզում ավելացել է, որի հիմքն անձնական դիտարկումներն են և նա սպասում է մոնիտորինգի արդյունքների և մասնագետների կարծիքի այդ խոսակցությունները հաստատելու համար:
Նշենք, որ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով, 2022թ-ի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել ավելի քան 249 հազար զբոսաշրջիկ, ինչը 188 տոկոսով ավելի է 2021-ի նույն ժամանակահատվածից:
Հայաստան այցելած զբոսաշրջիկների հիմնական մասը Ռուսաստանիցէ, որին հետևում է Իրանը, Վրաստանը, Ուկրաինան, Միացյալ Նահանգները և այլն: