Տնտեսագետը գնահատել է 2025 թվականին Հայաստանում 5.6 տոկոսի տնտեսական աճ ապահովելու հնարավորությունը
2025 թվականի Հայաստանի պետական բյուջեում կառավարության նախանշած 5.6 տոկոս տնտեսական աճն ավելի շուտ լավատեսական, քան իրատեսական շեմ է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով սեպտեմբերի 26-ին կառավարության հաստատած «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին, նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը:
Մասնագետի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսական աճին վերջին տարիներին նպաստած մի շարք գործոններ աստիճանաբար թուլանում են՝ կորցնելով իրենց ազդեցությունը: Այդ հանգամանքն, ըստ նրա, չեզոքացնում է երկարաժամկետ կտրվածքով տնտեսական բարձր աճ ապահովելու հնարավորությունը:
«Արտաքին գործոնները, որոնք տնտեսական աճ էին ապահովել 2022 և 2023 թվականներին, արդեն իսկ մարել են: Կառավարությունը լավատեսական նշաձող է սահմանել՝ ձգտելով հասնել որոշակի բարձր թիրախային կետի: Սակայն, հավանականություն կա, որ տնտեսական աճը նախատեսածից բավականին ցածր կլինի: 5.6 տոկոսը լավատեսական շեմն է, ինչպես այս տարվա համար նախանշված 7 տոկոսը», - նշեց Աղասի Թավադյանը:
Ըստ նրա՝ 2022 թվականին Հայաստանում գրանցված 12.6 տոկոս տնտեսական աճը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով այդ երկրից մեծ ծավալի կապիտալի արտահոսքով, որի զգալի մասը հանգրվանեց Հայաստանում, ինչպես նաև IT ոլորտի ռուսաստանցի մասնագետների՝ մեր երկրում ժամանակավորապես հաստատվելու և Հայաստանի արտահանման ցուցանիշի եռակի աճի հանգամանքով:
«2022-ին Հայաստանի տնտեսական աճը մեծապես պայմանավորված էր նաև բանկային ֆինանսական համակարգի գործունեությամբ, որն արդեն 2023 թվականի սկզբներին անկում ապրեց: 2023-ի կեսերից Հայաստանում արդեն նկատվում էր կապիտալի ներհոսքի կրճատում և արտահոսքի աճ: Նույն տարվա նոյեմբերից մինչև 2024 թվականի սկիզբ տնտեսական աճին հիմնականում նպաստում էր ոսկու վերաարտահանումը: Դրա արդյունքում Հայաստանի արտահանման ցուցանիշը հասավ 71 տոկոսի՝ ընդհանուր արտահանման և տնտեսական անկման պայմաններում», - հավելեց տնտեսագետը:
Նա ընդգծեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում արձանագրված 9.2 տոկոս տնտեսական աճը նույնպես մոտ կիսով չափ (4 տոկոսով) պայմանավորված էր ոսկու վերաարտահանմամբ: Ըստ այդմ, Կառավարությունը օգոստոսին վերանայեց առաջին եռամսյակի ցուցանիշը՝ այն դարձնելով 6.6 տոկոս:
Աղասի Թավադյանը գտնում է, որ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները և առկա իրողությունները, ենթադրելի է, որ տնտեսական աճը Հայաստանում կձգտի երկարաժամկետ միջին ցուցանիշին՝ 4.5 տոկոսի, ուստի 2025 թվականին այն ավելի համեստ չափի կլինի:
Հրայր Նազարյան