SPUTNIK Արմենիա. Առևտրաշրջանառությունն աճել է 6 անգամ. Ռեշետնիկովը՝ ԵԱՏՄ-ի շնորհիվ ՀՀ-ի ՀՆԱ-ի աճի մասին
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հարցազրույց է տվել Sputnik Արմենիային Եվրասիական երրորդ տնտեսական համաժողովի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախաշեմին, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանում։
Եվրասիական ինտեգրումը լավ է ազդել Հայաստանի տնտեսության վրա. 9 տարվա ընթացքում երկիրը ԵԱՏՄ գործընկերների հետ ապրանքաշրջանառությունն ավելացրել է 6 անգամ, իսկ արտահանումն աճել է 15 անգամ: Շուրջ երկու տարի Հայաստանում գործում է Ռազմավարական զարգացման կենտրոնը (Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի համահիմնադիր), որն ակտիվորեն աջակցում է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Հատկապես արագ է զարգանում Հայաստանի փոխգործակցությունը Ռուսաստանի հետ բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտում։ Մոտ ժամանակներս ռուսական ՏՏ ընկերություններից մեկը ծրագրում է ընդգրկվել Հայաստանում էլեկտրական տրանսպորտի համար լիցքավորման ենթակառուցվածքի ստեղծման նախագծում։ Այս և շատ այլ բաների մասին՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հարցազրույցում։
– ԵՏՀ-ում ուշադրություն են դարձնում, որ Եվրասիական ինտեգրացիան հատկապես ձեռնտու է Հայաստանի համար։ Չէ՞ որ հենց ԵԱՏՄ-ին մասնակցության հաշվին է «իրացվում» Երևանի տնտեսության 35%-ը։ Պատմեք Ռուսաստանի և Միության մյուս անդամ պետությունների հետ ինտեգրումից Հայաստանի օգուտների մասին։ Ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցությունից ԵԱՏՄ երկրների օգուտների մասին։
– ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը ազգային տնտեսությունը զարգացնելու հնարավորություն է Միության երկրների հետ շփումների ընդլայնման հաշվին։ Ի՞նչ են ստանում դրա մասնակիցները. անխափան մուտք ապրանքների, կապիտալի և աշխատուժի ընդհանուր շուկա: Այսօր այն ընդգրկում է 180 միլիոն մարդ։ Դա մոլորակի բնակչության ավելի քան 2%-ն է։
Եվրասիական ինտեգրացիայի հետևանքները հստակ երևում են Հայաստանի օրինակով։ 2015-ին ԵԱՏՄ-ին անդամակցելուց ի վեր այն 6 անգամ ավելացրել է ապրանքաշրջանառությունը Միության գործընկերների հետ, իսկ արտահանումն աճել է 15 անգամ։ Ըստ էության, ԵԱՏՄ երկրները դարձել են հանրապետության առանցքային գործընկերները։ Իսկ դրանց տեսակարար կշիռը Հայաստանի առևտրում 27%-ից հասել է գրեթե 40%-ի։ Հիմնականում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հաշվին։
Եվ ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ շրջանակներում գործընկերությունն օգնում է Հայաստանին պահպանել տնտեսության աճի բարձր տեմպերը։ Օրինակ, հանրապետությունը Միությունում հումք է գնում համաշխարհային միջինից ցածր գներով և դրանով մեծացնում է իր արտահանման մրցունակությունը։ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատում են նույն պայմաններով, ինչ մեր քաղաքացիները։ Իսկ Ռուսաստանից դրամական փոխանցումներին բաժին է ընկնում հանրապետության ՀՆԱ-ի արդեն 5%-ը։
Եվս մեկ կարևոր պահ։ ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին համաձայնագրերի ցանց է ձևավորել Վիետնամի, Սերբիայի, Սինգապուրի և Իրանի հետ (ժամանակավոր): Դա ավելի քան 900 միլիարդ դոլար արժողությամբ շուկա է գրեթե 200 միլիոն բնակչությամբ։ Վերջին 10 տարիների ընթացքում այդ երկրների բնակչությունն աճել է 11%-ով, ինչը գերազանցում է համաշխարհային աճի տեմպը: Իսկ ՀՆԱ-ն բացարձակ արտահայտությամբ աճել է մեկ երրորդով։
2023-ի վերջին Իրանի հետ կնքվել է ազատ առևտրի լիաֆորմատ համաձայնագիր։ Ակնկալում ենք, որ այն ուժի մեջ կմտնի մինչև այս տարվա վերջ։ Ավարտվել են Մոնղոլիայի հետ համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Մինչև տարեվերջ նախատեսում ենք հասնել դրա ստորագրմանը։ Նախատեսում ենք ավարտել բանակցությունները ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի և Եգիպտոսի հետ։
Այսպիսով, մենք ընդլայնում ենք հասանելիությունը արտաքին շուկաներին՝ մեծացնելով մաքսային արտոնություններով շուկայի ծավալը միութենական, այդ թվում և հայկական ապրանքների համար՝ ներկայիս 480 միլիոնից (ԱՊՀ, Իրան, Վիետնամ, Սերբիա) գրեթե կրկնակի (ԱՊՀ, Իրան, Վիետնամ, Սերբիա + ԱՄԷ, Ինդոնեզիա, Մոնղոլիա, Եգիպտոս):
Ինչ վերաբերում է մեր շահին, իհարկե, դրանք նույն առավել բարենպաստ պայմաններն են Հայաստանի շուկա դուրս գալու, հանրապետության խոշոր ներդրումային նախագծերին մասնակցության և հուսալի բիզնես գործընկերների հետ համագործակցության զարգացման համար։
– Հայ փորձագետ-տնտեսագետներն ասում են, որ նախկին կոոպերացիոն կապերի վերականգնման և զարգացման դեպքում Հայաստանը կարող էր ավելի մեծ տնտեսական աճ ապահովել: Պատմեք, թե հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ի՞նչ ուղիներ կան:
– Չնայած արտաքին ճնշումներին՝ մենք շարունակում ենք ակտիվորեն համագործակցել։ Հայաստանում այժմ իրականացվում է ռուսական մոտ 60 խոշոր բիզնես-նախագիծ։ Ընդ որում, գրեթե մեկ քառորդը վերաբերում է բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտին։ Շատ ծրագրեր կան նաև մեզ համար ոչ պակաս կարևոր այլ ոլորտներում ՝ հանքարդյունաբերություն, մշակում, շինարարություն։ Ռուսական ընկերությունները հանրապետությունում ներդրումներ են կատարել պղինձ-մոլիբդենային հանքաքարի արդյունահանման, ալյումինե փայլաթիթեղի արտադրության մեջ։ Այսպես, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում արդյունահանում և հարստացնում են տարեկան մինչև 3,7 մլն տոննա հանքաքար։ Խոշոր նախագիծ է իրականացվում Հարավային Կովկասում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։
Նման նախագծերի առկայությունը հուշում է, որ հետաքրքրություն կա համատեղ աշխատանքի նկատմամբ։ Գլխավորը դրան աջակցելն ու համագործակցության ներուժն առավելագույնս իրացնելն է։ Այդ թվում՝ հայկական բիզնեսի ավելի ակտիվ մասնակցության հաշվին։ Դրա համար ձեռնարկատերերի համար հասանելի են ռուսական աջակցության գործիքներ՝ Ծրագրի ֆինանսավորման գործարան, Ներդրումների պաշտպանության և խրախուսման համաձայնագրեր և այլն։ Սպասում ենք, որ մեր գործընկերները կօգտվեն նման հնարավորությունից։
– Շուրջ երկու տարի է, ինչ Հայաստանում գործում է Ռազմավարական զարգացման կենտրոնը (ՌԶԿ)։ Դրա համահիմնադիրն է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիան։ Ի՞նչ խնդիրներ է օգնում լուծել այս կենտրոնը:
– Ռազմավարական զարգացման կենտրոնն ակտիվորեն աջակցում է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Իրականում սա է նրա գլխավոր խնդիրը։ Օրինակ, Ռուսաստանի արտաքին առևտրի ակադեմիայի մասնակցությամբ, ՌԶԿ աշխատակիցները հանրապետության համար առաջարկություններ են պատրաստել կրթության ոլորտում պետություն-մասնավոր գործընկերության օգտագործման, արդյունաբերական պարկերի կառուցման և զարգացման ազգային ինստիտուտների ստեղծման վերաբերյալ:
Ակնկալում ենք, որ գիտահետազոտական աշխատանքների արդյունքները կօգտագործվեն Հայաստանի տնտեսության ճյուղերի և հատվածների զարգացման ռազմավարությունների մշակման ժամանակ, այդ թվում՝ գործարար միջավայրի բարելավման և մեր փոխադարձ առևտրի ավելացման համար:
Բացի այդ, ՌԶԿ-ն ակտիվորեն աշխատում է երկրների միջև երկկողմ շփումների ամրապնդման ուղղությամբ։ Օրինակ, նա արդեն հանդես է եկել որպես ռուսական մի քանի բիզնես առաքելությունների՝ դեպի Հայաստան բիզնեսների համակազմակերպիչ։ Հայկական բիզնեսին տրամադրել է երկկողմ առևտրատնտեսական օրակարգի հարցերի քննարկման իր հարթակը։ Այժմ լրացուցիչ խորհրդատվություն է տրամադրում մեր երկրների ընկերություններին։
Կենտրոնն ակտիվորեն խորհրդատվություն է տրամադրում մեր երկրների ընկերություններին։ Արդեն կան գործնական արդյունքներ՝ հայ և ռուս մի քանի խոշոր արտադրողների և արտահանողների համար արդյունավետ լոգիստիկ երթուղիների, բիզնես գործընթացների կառուցման, ինչպես նաև կորպորատիվ կառուցվածքի վերաբերյալ առաջարկությունների մշակման գործում:
– Անցյալ տարի դուք բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտն անվանում էիք հայ-ռուսական համագործակցության զարգացման առավել հեռանկարային ուղղություններից մեկը։ Ինչպե՞ս է այն զարգանում հիմա, ի՞նչ նախագծեր են իրականացվում, որո՞նք են քննարկվում։
– Բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտում համագործակցությունը հատկապես արագ է զարգանում։ Առաջին հերթին՝ ռուսական բիզնեսի ակտիվության հաշվին։ Օրինակ, խոշոր խաղացողների, որոնցից է «Yandex»-ը։
Նախ՝ հանրապետությունում ներկայացված են դրա գրեթե բոլոր ծառայությունները։ Դա Yandex Go-ն է, Առաքումը, Քարտեզները, Մեդիա ծառայությունները և Կրթությունը: Երկրորդ՝ մեկնարկում են նոր նախագծեր, ինչպիսին է «Beyond ML»-ը, որը զբաղվում է հանրապետությունում B2B ծառայությունների և տեխնոլոգիաների առաջխաղացմամբ։ Երրորդ՝ «Յանդեքսն» այժմ ինքն է կադրեր պատրաստում. ծրագրավորման դպրոցներն արդեն գործում են Վանաձորում և Գյումրիում:
Հայաստանի շուկա պատրաստ են դուրս գալ նաև պակաս խոշոր խաղացողները։ Օրինակ, երկու տարի առաջ հանրապետություն եկավ բիզնեսի համար թվային տեղեկատվական համակարգերի հայտնի ռուս մշակողը՝ տարբեր աղբյուրներից ստացված տվյալները համախմբելով մեկ, ընկալման համար հարմար վահանակի՝ դաշբորդների մեջ։
Այս բոլոր գործընթացներն արդեն իսկ բարենպաստ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա։ Անցյալ տարի ՏՏ մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում աճել է մինչև 7%, ինչը կազմում է մոտ 1,7 մլրդ դոլար։ Այս տարի Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը։
Իհարկե, մեր ընկերությունների մուտքը Հայաստանի շուկա չի սահմանափակվում միայն տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտում համագործակցությամբ։ Թվային լուծումների զարգացման և դրանց արտահանման ուղղությամբ աշխատում ենք «Սկոլկովո» հիմնադրամի գծով։
Ավելին` arm.sputniknews.ru