Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը մեծ ներուժ ունի․ ամփոփվեցին «Հանքարդյունաբերություն 2024» լրագրողական մրցույթի արդյունքները

«Mining Armenia Forum»-ի շրջանակներում սեպտեմբերի 28-ին ամփոփվեցին «Հանքարդյունաբերություն 2024» լրագրողական մրցույթի արդյունքները։ Տնտեսական լրագրողների ակումբը  և Հանքագործների և մետալուրգների միությունն  արդեն երկրորդ տարին է՝ անցկացնում են ոլորտի մասին լրագրողական նյութերի մրցույթ և մրցանակաբաշխություն։

Մրցութային հանձնաժողովում ընդգրկվել են տնտեսագիտության, հանքարդյունաբերության և մեդիա ոլորտների մասնագետներ։ Հանձնաժողովի կազմում են եղել  տնտեսագետ Սուրեն Պարսյանը, Հանքագործների և մետալուրգների միության փոխտնօրեն Շուշանիկ Քերոբյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը Հայաստանի ժուռնալիստների միության  փոխնախագահ Վարդան  Ալոյանը, Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը։

Մրցանակները լրագրողներին հանձնեցին Աննա Բաղդասարյանն ու Հանքարդյունաբերողների և մետալուրգների միության նախագահի տեղակալ Սուսաննա Մարտիրոսյանը։

«Լավագույն տեսանյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել factor.am-ի թղթակից Գայանե Խաչատրյանի լրագրողական աշխատանքը։ Երկրորդ մրցանակը շնորհվեց Հանրային հեռուստատեսության լրագրող Անի Օհանյանին։ «Լավագույն հոդված» անվանակարգում մրցանակը շնորհվեց iravaban.am-ի լրագրող Ալիսա Չիլինգարյանին։ Ոլորտի ակտիվ լուսաբանման համար խրախուսական մրցանակ շնորհվեց hraparak.am-ի թղթակից Լիա Սարգսյանին։ Մրցույթ էր կազմակերպվել նաև սփյուռքի լրագրողների համար։ Մրցանակներ շնորհվեցին Տիգրան Գաբոյանին, Վիգեն Աբրահամյանին, Լորի Մանուկյանին և Սագօ Արեյանին։

Աննա Բաղդասարյանն ասաց, որ մրցույթի նպատակը լրագրողներին խրախուսելն ու հանրությանը ոլորտի վերաբերյալ ավելի օպերատիվ ու օբյեկտիվ ինֆորմացիա փոխանցելն է։ «2023 թվականին լրագրողական հանրությունը ոլորտին ավելի շատ էր անդրադարձել, և մենք մոնիտորինգի արդյունքում դուրս էինք բերել 80-ից ավելի նյութեր։ Իսկ այս տարի լրագրողական նյութերի քանակը պակասել է՝ ունեինք 50 նյութ, որից 22-ը ներկայացվեց մրցութային հանձնաժողովի դատին։ Առաջին տպավորությունն այն է, որ լրատվական դաշտը թերանում է ոլորտը լուսաբանելու հարցում, բայց մեր զրույցը լրագրողների հետ ցույց տվեց, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Պարզապես լրագրողներն այժմ ձեռնպահ են մնում չհաստատված ինֆորմացիա հրապարակելուց, և փոխվել է հանքարդյունաբերության նկատմամբ լրագրողների մոտեցումն ու լրագրողական նյութերի նկատմամբ պատասխանատվությունը»,- ասաց Աննա Բաղդասարյանը։

Սուսաննա Մարտիրոսյանն էլ նշեց, որ այս մրցույթն ինքնանպատակ չէ, այն առիթ է՝ լրագրողների ուշադրությունը դեպի հանքարդյունաբերության ոլորտ ուղղորդելու համար։

Հանքագործների և մետալուրգների միության կողմից բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրեր ու դրամական պարգեւներ հանձնվեցին նաեւ հանքարդյունաբերության ոլորտի երեք մասնագետների․

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ստորգետնյա հանքի ավագ երկրաբան Սամվել Շախկյանին, «Թեղուտ» ՓԲԸ բացահանքի պետ Վարուժան  Բոշյանին, լեռնային ինժեներ Վարազդատ Մելիքյանին։ 

Հայաստանի Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը ejc.am-ի հետ զրույցում ասաց, որ լրագրողական մրցույթը շարունակական կլինի։ «Մենք բարձր ենք գնահատում այն լրագրողներին, որոնք փորձում են մեզ հետ համատեղ հասարակության լայն շրջանակներին ներկայացնել մեր ոլորտը։ Թեկուզ ոլորտի կարևորությունն անգնահատելի է, բայց ցավալի է, որ  ոլորտի մասին հասարակության լայն շրջանակները չգիտեն։ Մենք պլանավորում ենք իրազեկվածության ուղղությամբ մեծ աշխատանք տանել, և այդ հարցում լրագրողների ներդրումը շատ մեծ է։ Այս մրցույթը մեր ընդհանուր գործընթացի մի մասն է և շարունակական կլինի։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն լրագրողներին, որոնք մեզ հետ համատեղ փորձում ենք այդ բացը լրացնել և հասարակությանը ներկայացնել մեր ոլորտը, ընդհանրապես տնտեսությունը»,- ասաց Ջհանյանը։

Նշենք, որ «Mining Armenia Forum»-ն անցկացվեց սեպտեմբերի 27-28-ը՝ Ծաղկաձորում։ Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված երկօրյա միջազգային համաժողովը միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի  ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։ Պանելային քննարկումների, առաջատար ելույթների, հարցազրույցների ձեւաչափով անցկացվող համաժողովին մասնակցել են առաջատար խոսնակներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ղազախստանից։

Ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Վարդան Ջհանյանն ասաց, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը մեծ ներուժ ունի, ոլորտի հնարավորությունները պետք է օգտագործել։ «Ոլորտում մինչեւ 2013-2014 թվականները կայուն աճ է գրանցվել, այդ աճը պայմանավորված է եղել հիմնականում մեկ-երկու հանքարդյունաբերողներով։ Այդ աճը կայունացել է, և մենք չենք տեսնում հետագա աճ, ինչը ցավալի է, երբ հասկանում ենք, թե ինչ ներուժ ունի մեր ոլորտը։ Մենք արդեն տեսնում ենք, որ կառավարությունն էլ է կիսում մեր մտահոգությունն այս առումով։ Եվ համատեղ քննարկումներով ու քայլերով պետք է շտկենք այս իրողությունը»,- նշեց Ջհանյանը։DSC04699 (1).jpg (25.61 MB)

 

Alis.jpg (132 KB)

Lian.jpg (105 KB)

Tigran.jpg (107 KB)

S8ab_n.jpg (113 KB)

Magi.jpg (111 KB)

Volod 1_n.jpg (97 KB)

Vwlwd2.jpg (94 KB)