Գավառ համայնքում իրականացման նպատակով հաստատվել է կենսական նշանակության 4 ծրագիր

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած 15 ծրագիր և 93 ենթածրագիր։
Նշված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 7 միլիարդ 567 միլիոն 898 հազար 533 դրամ, որից 4 միլիարդ 695 միլիոն 545 հազար 384 դրամը՝ ՀՀ կառավարության, 2 միլիարդ 872 միլիոն 353 հազար 149 դրամը՝ մարզի համայնքների մասնաբաժինն է։
Մարզի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին ֆինանսապես աջակցել են նաև այլ ներդրողներ՝ 16 միլիոն 845 հազար 332 դրամի չափով։
2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է կենսական նշանակության 4 ծրագիր՝ 14 ենթածրագրերով։
Հաստատված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 200 միլիոն 717 հազար 700 դրամ, որի 635 միլիոն 331 հազար 600 դրամը ՀՀ կառավարության,565 միլիոն 386 հազար 100 դրամը՝ Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Նշված ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում են Գավառ քաղաքի Դեմիրճյան, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոցի 2-րդ նրբանցքը և Կարեյան փողոցը, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի գերեզմանոց տանող ճանապարհը, Նորատուս բնակավայրի Գրիգոր Լուսավորչի և Սևանի փողոցների 1-ին նրբանցքները, Կարմիրգյուղ բնակավայրի Սերգո Ավետիսյան փողոցի գերեզմանոց տանող հատվածը, Գանձակ բնակավայրի Հակոբ Հակոբյան փողոցը, Սարուխան բնակավայրի Թումանյան և Զ․ Անդրանիկի փողոցները, Հայրավանք բնակավայրի գերեզմանոց տանող ճանապարհը, Ծովազարդ բնակավայրի Գարեգին Նժդեհ, Րաֆֆու փողոցները, Լճափ բնակավայրի Ազատամարտիկների փողոցը և Գեղարքունիք բնակավայրերի Կարեն Դեմիրճյան փողոցը։
Խմելու ջրագիծ է կառուցվում Գավառ համայնքի Գեղարքունիք և Լանջաղբյուր բնակավայրերում՝ 75 միլիոն 071 հազար դրամի շրջանակներում, որի 75 տոկոսը կամ 56 միլիոն 303 հազար 250 դրամը ՀՀ կառավարության, 25 տոկոսը կամ 18 միլիոն 767 հազար 750 դրամը՝ Գավառի համայնքապետարանի ներդրումն է։ Սեպտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակի դրությամբ իրականացված աշխատանքների ծավալը հասնում է մոտ 15 տոկոսի։
Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 2025 թվականի հուլիս ամսին։
168 միլիոն 238 հազար 700 դրամի շրջանակներում գույքի գնման աշխատանքներ են իրականացվում Գավառ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի, Գավառ քաղաքի մշակույթի տան և Սարուխան բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի կահավորման համար։ Նշված գումարի 50 տոկոսը կամ 84 միլիոն 119 հազար 350 դրամը՝ ՀՀ կառավարության, և նույնքան էլ Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Գործընթացի ավարտը նախատեսված է 2025 թվականի ապրիլ ամսին։