Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը տալիս է շատ հարցերի պատասխաններ, բայց պետք է անընդհատ կատարելագործվի. Բաբկեն Թունյան

Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը տալիս է շատ հարցերի պատասխաններ, բայց պետք է անընդհատ կատարելագործվի. Բաբկեն Թունյան

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը թղթի վրա տալիս է շատ հարցերի պատասխաններ, սակայն ընթացքում պետք է շտկվի, արդիականացվի և կատարելագործվի՝ համապատասխանեցվելով առաջացող խնդիրներին և պահանջներին: Ամփոփելով Ծաղկաձորում անցկացված «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում»-ի արդյունքները՝ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Նրա գնահատմամբ՝ նման միջոցառումներն անչափ կարևոր նշանակություն ունեն, քանի որ նպաստում են ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման միջոցների, զարգացման հեռանկարների քննարկմանը և պարզապես մասնագիտական կարծիքների փոխանակմանն ու շփումներին:

«Մասնավոր ընկերությունների, ակադեմիական համայնքի և պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ այսպիսի քննարկումները շատ կարևոր են, քանի որ մարդկանց հնարավորություն են ընձեռում լսել միմյանց և նոր մակարդակի բերել երկխոսությունը: Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում խնդիրները չեն լուծվում պարզապես կոմունիկացիայի բացակայության պատճառով: Կարծում եմ՝ ֆորումի արդյունքներով որոշակի ռեալ տեղաշարժեր կարող են լինել, օրինակ՝ միջազգային փորձի փոխանակման կամ որոշ կառույցների հետ համագործակցության առումներով: Ժամանակը ցույց կտա, թե իրականում որքանով էր արդյունավետ այս ֆորումը: Հուսով եմ՝ սա կդառնա պարբերաբար անցկացվող միջոցառում, որը նաև կշեշտի, որ հանքարդյունաբերության ոլորտը կառավարության ուշադրության կենտրոնում է»,- նշեց Բաբկեն Թունյանը:

Հարցին, թե պետությունը հատկապես ի՞նչ խնդիրներ է տեսնում հանքարդյունաբերության ոլորտում, պատգամավորը պատասխանեց. «Հիմնական խնդիրը միշտ եղել է բնապահպանական շահի և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների տնտեսական օգուտի ճիշտ հավասարակշռումը: Այդ երկու մոտեցումները մշտապես հակասության մեջ են: Եթե թողնենք միայն մասնավոր ոլորտի հայեցողությանը, ապա ընկերությունները կարող են ամբողջովին անտեսել բնապահպանական գործոնը: Դրան հակառակ՝ բնապահպաններն էլ կարող է ընդհանրապես մերժեն տնտեսական գործոնը: Իսկ իրականությունն այն է, որ սա Հայաստանի Հանրապետության ռեսուրսն է, որը, սակայն, պետք է օգտագործվի ճիշտ և պատասխանատու կերպով: Այսինքն, անհրաժեշտ է գտնել ճիշտ բալանսը, որը մի կողմից ընկերություններին թույլ կտա աշխատել և շահույթ ստանալ կանխատեսելի միջավայրում, մյուս կողմից՝ շրջակա միջավայրին պատճառվելիք վնասն առնվազն կլինի թույլատրելի սահմաններում: Անհնար է ընդհանրապես չվնասել, բայց դրան էլ որոշակի թույլատրելի շեմ կա»: 

Բաբկեն Թունյանը կարծում է, որ բարձրաձայնված խնդիրների լուծման բանալին գերազանցապես օրենսդրական տիրույթում է:

«Խնդիրների լուծման հիմնական գործիքն ամենից առաջ ոլորտի զարգացման ռազմավարության մասին փաստաթուղթն է, որն արդեն ընդունվել է: Գործիքներից են նաև ռազմավարությունից բխող օրենսդրական կարգավորումները, որոնց հիմքում կարելի է դնել միջազգային փորձը՝ այն տեղայնացնելով հայաստանյան իրավիճակին: Այդ աշխատանքը մշտապես կատարվում է, քանի որ հանքարդյունաբերության ոլորտն անընդհատ զարգանում է, չափանիշներն ու նորմատիվներն էլ պարբերաբար փոխվում են; Ուղղակի պետք է մի փոքր արագացնել այդ աշխատանքները: Ինչ վերաբերում է ռազմավարությանը, ապա այս պահին այն թղթի վրա տալիս է շատ հարցերի պատասխաններ, բայց դրանք պետք է կյանքի կոչվեն: Ռազմավարություններն էլ «կենդանի» փաստաթղթեր են, որոնք իրագործման ընթացքում ենթակա են շտկման, արդիականացման և կատարելագործման»,- նշեց նա:

Աղբյուրը՝  armenpress.am