Արվում է հնարավորը հանքարդյունաբերության զարգացման համար

Արվում է հնարավորը հանքարդյունաբերության զարգացման համար

Կառավարությունը իր լիազորությունների շրջանակում համակողմանիորեն աջակցում է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը:

«Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում»-ի ընթացքում լրագրողների հետ զրույցում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ կառավարությունն իր աշխատանքում առաջնորդվում է ոլորտի զարգացման ռազմավարությամբ, որում ամրագրված են հանքարդյունաբերության ներուժի իրացման ուղիներն ու հնարավորությունները:

«Կառավարությունն անում է հնարավորինը: Կառավարության հաստատած աջակցության ծրագրով իրականացվում է լիզինգային վարկավորման փոխհատուցում, որից կարողանում են օգտվել ոլորտի բոլոր կազմակերպությունները, որոնք գրեթե զրոյական տոկոսադրույքով թարմացնում են իրենց տեխնոլոգիաները: Բավականին լավ ներդրումային միջավայր է ստեղծում՝ հեշտացնելով բյուրոկրատական քաշքշուկները: »,- նշեց փոխնախարարը: 

Այսօր քայլեր են ձեռնարկվում նաև այն ոլորտների ակտիվացման ուղղությամբ, որոնց հետ այսպես թե այնպես կապ ունի հանքարդյունաբերությունը:

« Հիմա փորձում ենք բիզնեսին փոխանցել, որ տեղում արտադրեն ներկրվող այն բոլոր ապրանքները, որոնք հնարավոր է արտադրել նաև Հայաստանում: Այսինքն, պետք է լրացուցիչ խթանենք այդ ապրանքների արտադրությունը Հայաստանում, որպեսզի լրացուցիչ տնտեսական էֆեկտ ունենանք»,- եզրափակել է նա: