Սևանա լճի մակարդակը բարձրացել է 34 սմ-ով

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 34 սմ-ով
 2024 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.51  մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ բարձր է 21 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ` 34 սմ-ով։
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ 2024 թվականին Սևանա լճի առավելագույն մակարդակը կազմել է 1900.68 մ և դիտվել է հուլիսի 5-15-ը ներառյալ։ Գարնանային վարարումների ընթացքում Սևանա լճի մակարդակի բարձրացման չափը կազմել է 42 սմ, միջինը (2002-2023) կազմում է՝ 40 սմ, իսկ 2023 թվականին կազմել է 23 սմ։
2024 թվականի ընթացքում Սևանա լճի ավազանում հիդրոօդերևութաբանական պայմանները համեմատաբար նպաստավոր են եղել լճի մակարդակի բարձրացման ապահովման տեսանկյունից։ Բացի բնական պայմաններից, իր դրական ազդեցությունն է ունեցել նաև Արփա-Սևան ջրատարով լիճ տեղափոխված ջրաքանակը և լճից ջրի բացթողնման քանակը։
 2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ։ Այս ժամանակահատվածում Սևանա լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131.038 մլն.խոր.մ, որը 97.196 մլն.խոր.մ-ով պակաս է 2023 թվականին լճից բացթողնված ջրի գումարային ծավալից և վերջին 15 տարիների ամենացածր ցուցանիշն է: 2023 թվականին լճից ջրի բացթողումը սկսել էր ավելի վաղ՝ մայիսի 14-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ։