Հավելյալ գումար կհատկացվի հեղեղումներից տուժած տնտեսվարողներին

Հավելյալ գումար կհատկացվի հեղեղումներից տուժած տնտեսվարողներին

 ՀՀ Լոռիի և Տավուշի մարզերի՝ մայիսի հեղեղումներից տուժած տնտեսվարողներին ևս 300 մլն դրամ աջակցություն կտրամադրվի: ՀՀ կառավարության այսօրվա նիստում նման որոշում է ընդունվել:

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով, գույքագրվել են տնտեսվարողների վնասները: Առանձնացվել է կրած վնասի երեք մակարդակ` ցածր, միջին և բարձր, ու ըստ այդ մակարդակների էլ ՀՀ կառավարությունը տարբեր փուլերով տրամադրում է աջակցություն։

 Ցանկը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, տնտեսվարողների գործունեության վերաբերյալ տեղեկությունները ներկայացրել է ՊԵԿ–ը, իսկ կրած վնասի չափի մասին տեղեկությունը` ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

 Նախատեսվում է, որ աղետի գոտու տնտեսվարողներին աջակցությունը կտրամադրվի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումից։ Նախարարի խոսքով` աջակցության ծրագրի համար այդ միջոցները կվերցվեն «ԷՔՍՊՈ 2025. Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի` ՀՀ մասնակցության համար հատկացված գումարներից։ 300 մլն դրամը տնտեսվարողների միջև հավասարաչափ կբաշխվի 3–րդ և 4–րդ եռամսյակների միջև: