Թվային փոխակերպումը Երևանի զարգացման ամենակարևոր հիմնասյունն է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզված է, որ թվային փոխակերպումը քաղաքի զարգացման ամենակարևոր հիմնասյունն է, իսկ տեխնոլոգիաները թույլ են տալու ավելի արդյունավետ, թափանցիկ և դինամիկ դարձնել քաղաքի կառավարման համակարգն՝ ապահովելով ավելի բարձր որակի ծառայություներ երևանցիների և հյուրերի համար։
«Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ խոսելու տեխնոլոգիական նոր գործիքներից, թվայնացման այն գործիքներից, որոնք ներդնում է Երևան քաղաքը։ Որպես քաղաքապետ՝ համոզված եմ, որ թվային փոխակերպումը մեր քաղաքի զարգացման ամենակարևոր հիմնասյունն է։ Տեխնոլոգիաները մեզ թույլ են տալու ավելի արդյունավետ, թափանցիկ և դինամիկ դարձնել մեր կառավարման համակարգն՝ ապահովելով ավելի բարձր որակի ծառայություներ երևանցիների և մեր հյուրերի համար», - ԴիջիԹեք 2024-ի բացման արարողության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը նշեց նաև, որ Երևանում արդեն իսկ իրականացվել են մի շարք կարևոր նախաձեռնություններ, որոնց արդյունքում քաղաքի կառավարման համակարգում ներդրվել են նոր գործիքներ։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ այդ գործիքներից է GIS համակարգը, որը հնարավորություն է տալիս քարտեզագրել և վերլուծել քաղաքային ենթակառուցվածքները՝ ապահովելով խելացի պլանավորում և զարգացում։
«Այդ համակարգի տարբեր շերտերում մենք արդեն իսկ տեսնում ենք օդի որակի իրական վիճակը Երևանում, տեսնում ենք ենթակառուցվածքների վիճակը, կադաստրային քարտեզը, մենք նաև տեսնում ենք երևանցիների կողմից բարձրացվող հարցերն՝ ակտիվ քաղաքացի հարթակի միջոցով, որոնց էլ արձագանքում ենք Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում»,-ասաց Ավինյանը։
Վերջինիս կարծիքով՝ այս բոլոր գործիքների կիրառումը կարևոր է այն առումով, որ դա մեծ տվյալների վերլուծության հնարավորություն է տալիս, որը հաջորդ փուլով բերելու է արհեստական բանականության կիրառմանը, ինչը, վստահաբար, հնարավորություն է տալու քաղաքի կառավարումը հետագայում իրականացնել այդ տվյալների հիման վրա։
Քաղաքապետը նաև վստահություն հայտնեց, որ տեխնոլոգիական փոխակերպումն է այն ճանապարհը, որը մարդկանց կյանքը դարձնելու է ավելի լավն ու ավելի բարեկեցիկ։