Նոր Հաճնի կամուրջը ևս 1 ամիս կշարունակի փակ մնալ

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև սույն թվականի նոյեմբերի 12-ը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Մինչ այդ առանց կցորդի մեքենաները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով մեքենաները՝ Կարենիս-Չարենցավան–Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։
«Ըստ կապալառուի հետ կնքված պայմանագրի, կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսը։ Ներկայում արվում է հնարավորը Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգումը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ, իսկ երթևեկելի հատվածի հիմնանորոգումը մինչև 2024 թվականի վերջ ավարտելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Կամուրջը երկհարկանի է, ստորին հարկով անցնում է երկաթուղին, իսկ վերին հարկով՝ ավտոճանապարհը։