Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի ժամանակավոր կամուրջը պետք է կառուցվի մինչև հոկտեմբերի 20-ը

ՀՀ Տավուշի Խաշթառակ գյուղ տանող ժամանակավոր կամուրջը պետք է կառուցվի մինչև հոկտեմբերի 20-ը։
Այս մասին ասվում է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի և «Վեհ Իշխանասար» ՍՊԸ–ի միջև ստորագրված պայմանագրում, որին ծանոթացել է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 39 մլն 785 հազար ՀՀ դրամ և դրանից 6 մլն 631 հազարը ԱԱՀ–ն է։ Գինը ներառում է կապալառուի կողմից իրականացվող բոլոր ծախսերը։
Պայմանագրում նշվում է, որ աշխատանքի գինը կայուն է և կապալառուն իրավունք չունի պահանջել ավելացնելու, իսկ պատվիրատուն` նվազեցնելու այդ գինը։
Նշենք, որ Աղստև գետի վրայով անցնող և դեպի Խաշթառակ ու Լուսահովիտ տանող հիմնական կամուրջը վնասվել էր մայիսի վերջին տեղացած հորդառատ անձրևների պատճառով։ Այդ կամրջով երթևեկությունը երկկողմանի արգելվել էր։