Հացի գնի բարձրացման պատճառը ՀՀ շուկայում տիրող օլիգոպոլիան է
Գյուղատնտես Հարություն Մնացականյանի կարծիքով, Հայաստանյան վաճառակետերում լավաշի թանկացումը ոչ թե Ռուսաստանում երաշտի հետևանքով հացահատիկի թանկացմամբ է պայմանավորված, այլ Հայաստանյան շուկայում տիրող օլիգոպոլիայով։ NEWS.am–ի հետ զրույցում Հարությունը Մնացականյանը նշեց, որ զարմացած է, թե ինչու է լավաշը թանկանում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանից ներկրվող հացահատիկի գինը չնչին է բարձրացել։
«Հայաստանում հացը չպետք է թանկանա, որովհետև երբ 2021 թվականից հետո ցորենի և ալյուրի գները մոտավորապես կրկնակի նվազեցին, հացի գինն այդպես էլ չիջավ։ 2023 թվականին ցորենի գինը 200 դրամից դարձավ 70 դրամ, և անգամ այդ պարագայում ոչ մի վաճառակետում հացի գինը չնվազեց։ Ինչու՞ են հիմա բարձրացնում լավաշի կամ հացի արժեքը, եթե ալյուրի գինը չնչին է բարձրացել»,–ասաց գյուղատնտեսը՝ նշելով, որ տնտեսվարողները բոլոր դեպքերում փորձում են գերշահույթ ստանալ։
Խոսելով այն մասին, որ երաշտի հետևանքով Ռուսաստանում թանկացել է հացահատիկի արժեքը, Հարություն Մնացականյանն ասաց.
«Հայաստան ցորեն և այլուր ներկրող գործարարների մեծ մասը ցորենը Ռուսաստանից գնում են հենց բերքահավաքի ժամանակ, և ամբողջ տարվա ընթացքում ցորենը գնում են հենց այդ ֆիքսված արժեքով»։
Նշենք, որ Հայաստանյան որոշ վաճառակետերում վերջին երկու օրերի ընթացքում լավաշի մեկ կիլոգրամի գինը բարձրացել է 25-30 դրամով։
Աղբյուրը՝ news.am