Ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում տարբեր մարզերում

Ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում տարբեր մարզերում
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան - /Մ-3/ ճանապարհի կմ33+340-կմ40+516 հատվածում։ Մոտ 7.2կմ ճանապարհը ձգվում է Հարթավանից մինչև Երնջատափ։ Կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, երթևեկելի մասի վերին շերտի ֆրեզում։ Այժմ տեղադրվում է հարթեցնող շերտ և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն նաև կողնակները։ Ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ազդանշանային սյուներ։ 
Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից,  ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ կառուցվող ճանապարհահատվածում շինաշխատանքները։ Ծրագրի շինարարությունը մեկնարկել է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի Ներքին Բազմաբերդ և Ներքին Սասնաշեն բնակավայրերից մինչև Թալին համայնք ընկած հատվածում։ Նշված հատվածի ձախակողմյան մասը միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության համապատասխան տարրերով և 2023թ․ դեկտեմբերի 15-ից բաց է երկկողմանի երթևեկության համար։ 
Ընդհանուր առմամբ իրականացվել է ծրագրով նախատեսված հողային աշխատանքների մոտ 60%-ը։ Ակտիվ ընթացքի մեջ է տարբեր հատվածների ասֆալտապատումը։ Արդեն իսկ ավարտվել են մոտ 17կմ ճանապարհահատվածի ասֆալտե երկշերտ ծածկի տեղադրման աշխատանքները, որից մոտ 9կմ-ն՝ աջակողմյան և մոտ 8կմ-ն ձախակողմյան երթևեկելի հատվածներում։
Միաժամանակ կառուցվում են Տ-աձև խաչմերուկները և տրանսպորտային հանգույցների ծածկը, բաժանարար գոտին և կողնակները, ջրահեռացման վաքերը։ Զուգահեռաբար ձախակողմյան հատվածում ընթացքի մեջ է ուղեանցների կառուցումը։