Առավել հաճախ հնչող 10 հարց՝ տնային պայմաններում խնամքի ծառայությունների

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է տնային պայմաններում խնամքի ծառայությունների մասին առավել հաճախ 10 հնչող հարցերի պատասխանները
Հարց 1։ 65 տարեկան միայնակ կենսաթոշակառու եմ, արդյոք կարող եմ օգտվել տնային պայմաններում խնամքի ծառայություններից։
Պատասխան։ Տնային պայմաններում խնամքի ծառայություններից կարող են օգտվել 65 տարին լրացած տարեց կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք։ Խնամքը տրամադրվում է անձի բնակության վայրում՝ գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:
Ծառայությունները տրամադրվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով։
Հարց 2։ Արդյոք ծառայությունները մարզերում հասանելի են։
Պատասխան։ Այո՛, տնային պայմաններում խնամքի ծառայությունները մատուցվում են ինչպես Երևանում, այնպես էլ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։
Հարց 3։ Ի՞նչ է նշանակում տնային պայմաններում խնամքի ծառայություններ․ ի՞նչ է այն ներառում։
Պատասխան։ Ծառայությունների շրջանակում շահառուին տրամադրվում է՝
• կենցաղային սպասարկում` սոցիալական սպասարկողի կողմից շահառուի անձնական հիգիենայի ապահովում, բնակարանի մաքրում, գնումների իրականացում, սննդի կազմակերպում, անհրաժեշտության դեպքում՝ կերակրում, լրացուցիչ գործառույթներ՝ սոցիալական աշխատողի և բուժքրոջ ցուցումով և այլն,
• բժշկական օգնություն՝ բուժքրոջ կողմից բժշկի նշանակումների կատարում, ըստ անհրաժեշտության` բժշկի կանչի գրանցում, սպասարկող պոլիկլինիկա այցելության կազմակերպում կամ այլ բժշկական հաստատություններ ուղղորդում և ուղեկցում, անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպում և այլն,
• սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ սոցիալական աշխատողի կողմից շահառուի սոցիալական կարիքի գնահատում տարեկան առնվազն երկու անգամ, ուղղորդում, ուղեկցում և համապատասխան աջակցության ցուցաբերում, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում և այլն,
• խորհրդատվական աջակցություն՝ սոցիալական աշխատողի կողմից շահառուի իրավունքների ու շահերի պաշտպանություն և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անհրաժեշտ սոցիալական աջակցության կազմակերպում և այլն։
Հարց 4։ Արդյոք ծառայությունները տրամադրվում են շաբաթվա բոլոր օրերին։
Պատասխան։ Այո՛, ծառայություններն անվճար են և տրամադրվում են շաբաթվա բոլոր օրերին՝ 9։00-ից 18։00-ն ընկած ժամանակահատվածում։
Հարց 5։ Այս տարի տնային պայմաններում խնամքի ծառայությունները ո՞ր հասարակական կազմակերպությունների միջոցով են տրամադրվում։
Պատասխան։ 2024 թ․ տնային պայմաններում խնամքի ծառայությունները մատուցվում են հետևյալ հասարակական կազմակերպությունների միջոցով՝
• Երևանում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում և Սյունիքում՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ,
• Արմավիրում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ,
• Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում և Արարատում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ,
• Լոռիում, Կոտայքում, Շիրակում և Վայոց ձորում՝ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» ՀԿ։
Հարց 6։ Տնային պայմաններում խնամքի ծառայություններից օգտվելու համար ո՞ւր կարող եմ դիմել։
Պատասխան։ Ծառայություններից օգտվելու նպատակով կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության Ձեր բնակության վարի տարածքային կենտրոն։ Հասցեներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://socservice.am/offices
Հարց 7։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք արդյոք կարող են օգտվել այս ծառայություններից։
Պատասխան։ Այո՛, ԼՂ հայրենակիցները ևս կարող են օգտվել տնային պայմաններում խնամքի ծառայություններից, եթե խոսքը 65 տարին լրացած տարեց կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձի մասին է։
Հարց 8։ Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել՝ տնային պայմաններում խնամքի ծառայություններից օգտվելու համար։
Պատասխան։ Տնային պայմաններում խնամքի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
• անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
• ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթ, ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող ժամանակավոր կամ մշտական կացության քարտը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձի համար՝ անձնագիրը կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ ճամփորդական փաստաթուղթը,
• հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը կամ քաղվածք-տեղեկանք,
• ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան բժշկական փաստաթուղթ՝ համապատասխան բժշկական հաստատության կողմից լրացված՝ բացառությամբ տնային պայմաններում խնամքի տրամադրման ծառայությունների,
• ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք։
Հարց 9։ Դիմումը ներկայացնելուց հետո ո՞րքան ժամանակ հետո կարող եմ օգտվել ծառայություններից։
Պատասխան։ Ազատ տեղերի առկայության դեպքում՝ տնային պայմաններում խնամք կարող եք ստանալ 7 աշխատանքային օրվա ընթացքում։
Հարց 10։ Ո՞ր դեպքերում կարող է դադարեցվել տնային պայմաններում խնամքի տրամադրումը։
Պատասխան։ Տնային պայմաններում խնամքի տրամադրումը դադարեցվում է`
• շահառուի կամ իր ներկայացուցչի դիմումի հիման վրա,
• խնամք տրամադրելու հիմքերի վերացման դեպքում,
• շահառուի մահվան դեպքում,
• խնամք մատուցող աշխատողների նկատմամբ շահառուի կողմից երեք անգամ անհարգալից վերաբերմունքի կամ բռնության դրսևորման դեպքում՝ կազմակերպության սոցիալական աշխատողի եզրակացության հիման վրա,
• օրենքով նախատեսված այլ դեպքերում։