Թաթոյան. Ադրբեջանը շրջափակել է Ներքին Հանդը․ կառուցում է ռազմական ճանապարհներ, տեղադրում ականներ
Ներքին Հանդը Հայաստանի Կապան համայնքի գյուղ է, որը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով, միայն այստեղ Հայաստանի տարածքից օկուպացված է 2,700 հեկտար, ահազանգում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը Facebook–յան իր էջում։
«Մենք ապացույցներով արձանագրել ենք Ներքին Հանդի բնակիչների նկատմամբ ադրբեջանական հանցանքների լրացուցիչ փաստեր` Հայաստանի «Շիկահող» պետական արգելոցում հազարավոր ծառահատումներ ու տասնյակ կիլոմետրերով կառուցվող ռազմական ճանապարհներ, տեղադրված բազմաթիվ ականներ (ադրբեջանական 2 դիրքի օրինակով), խմելու ջրից բնակիչներին զրկելը, զինված դիրքեր քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ և այլն», – նշել է Թաթոյանը։
Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն անցկացնում է շրջակա միջավայրին վերաբերող COP29 միջոցառումը, մինչդեռ հենց ինքն ավերում է Հայաստանի շրջակա միջավայրը. այս փաստերը պետք է հնարավորին ներկայացնել աշխարհի հարթակներում` ցույց տալու համար ադրբեջանական իրական մտադրությունները: