ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր շրջանակը

ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր շրջանակը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցների մեխանիզմի ստեղծմանը, որը կկիրառվի ի պատասխան Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների։ Այն Բրյուսելին թույլ կտա հետապնդել  այն մարդկանց և կազմակերպություններին, որոնց գործողությունները խաթարում են ԵՄ-ի ու նրա անդամների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների հիմնարար արժեքները, անվտանգությունը, անկախությունն ու ամբողջականությունը,  հայտարարել է Եվրամիության խորհուրդը։

Ի թիվս այլ բաների, խոսքը վերաբերում է նաև հիբրիդային սպառնալիքներին, ինչպիսիք են ընտրական գործընթացների խափանումն ու ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքի խաթարումը, հանրային հետաքրքրություն ներկայացնող ծառայությունների և կրիտիկական ենթակառուցվածքների ընկերությունների դեմ սպառնալիքներն ու դիվերսիաները:

Այս առումով նշվում է նաև ապատեղեկատվության համակարգված օգտագործումը, կիբեռհարձակումները, միգրանտների նպատակային օգտագործումը որպես ապակայունացման գործիք։

Այս մեխանիզմի շրջանակներում նախատեսվում է ստեղծել պատժամիջոցների առանձին ցուցակ, որում կներառվեն ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ ԵՄ-ի քաղաքացիներին ու ընկերություններին կարգելվի նրանց միջոցներ տրամադրել։ Այդ ցուցակում հայտնված մարդկանց կարգելվի նաև մուտք գործել Եվրամիության տարածք։