Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային միջավայրի վերլուծության անհրաժեշտություն կա․փորձագետ
Գլոբալիզացիայի պայմաններում խոշոր ֆինանսական կազմակերպությունների միջոցները հասանելի են դարձել հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ իրականացնելու համար։ Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերը հանդիսանում են խիստ ռիսկային: Առանձնահատուկ ռիսկային են մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման ծրագրերը: Դրա պատճառները հիմնականում բնապահպանական և սոցիալական հիմնահարցերն են։
Միջազգային շուկայում մետաղների գների տատանումները, տնտեսական անկայունությունը պատճառ դարձան, որպեսզի ձևավորվի ընդերքի «առևտրային արժեքի» (օգտակար հանածոների պաշարների) գնահատման միասնական մոտեցում։ Արդյունքում՝ աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող երկրները ստեղծեցին ապրանքային պաշարների գնահատման և հրապարակային հաշվետվությունների ներկայացման միասնական համակարգ, որը սակայն հետխորհրդային երկրներից միայն Ղազախստանի Հանրապետությունն է ամբողջությամբ ընդունել։
Միջազգային ֆինանսական կազմակերպությունները ֆինանսավորում են բացառապես պաշարների հանքային պաշարների հաշվետվության միջազգային ստանդարտների կոմիտեի (CRIRSCO- Committee for Mineral Reserves International Reporting Standards ) ստանդարտով գնահատված ծրագրերը։ Իսկ ֆոնդային բորսաների կողմից ցանկացած գործարքի ժամանակ պահանջվում է հետախուզման արդյունքների, հանքային պաշարների և ապրանքային հանքաքարի պաշարների հրապարակային հաշվետվությունների ներկայացում:
Քանի որ ՀՀ-ն դեռևս ինտեգրված չէ այս համակարգին և գնահատումն իրականացվում է նախկին ԽՍՀՄ-ում գործող՝ պաշարների դասակարգման համակարգով (ГКЗ-ՊՊՀ), ուստի այս համակարգով գնահատականները հավաստիության մեծ շեղումներ են տալիս։ Բացի այս, գնահատված պաշարների նկատմամբ գնահատողը և հաստատողը իրավաբանական տեսանկյունից պատասխանատվություն չեն կրում, մինչդեռ CRIRSCO-ի ստանդարտի դեպքում գնահատողը պատասխանատվություն է կրում տվյալների լիարժեքության և հավաստիության համար։
Մետաղական հանքարդյունաբերության առաջնախնդիրներից են նաև Հայաստանի ներդրումային միջավայրի անկանխատեսելի փոփոխությունները և կառավարության միջամտությունը ներդրողների արտադրական գործունեությանը։
«Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում են երաշխիքներ Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում, համաձայն որի՝ օտարերկրյա ներդրումները կարգավորող ՀՀ օրենսդրության փոփոխության դեպքում, ներդրման պահից սկսած՝ 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը:
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ ընդերքօգտագործողի իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: ՀՀ օրենսդրության փոփոխության դեպքում ընդերքօգտագործման իրավունքի տրման պահից սկսած` 3 տարվա ընթացքում, ընդերքօգտագործման իրավունք ստացած անձի նկատմամբ, վերջինիս կողմից լիազոր մարմնին ուղղված դիմումի հիման վրա կիրառվում են օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրման պահին գործող բնօգտագործման վճարների (այդ թվում` ռոյալթիի), ռեզիդենտների շահութահարկի, ոչ ռեզիդենտների շահաբաժինների, տոկոսադրույքների, ռոյալթիների հարկման դրույքաչափերը:
Հավաստիացնում ենք, որ բոլոր ներդրողները ցանկություն են հայտնում, որ կիրառվի ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը: Ստորև ներկայացնում ենք այն խնդիրները, որոնք ներդրողների կարծիքով բացասաբար են անդրադառնում ներդրում կատարելու ցանկության վրա․
1․Քաղաքականության հիմնական սկզբունքների հաճախակի փոփոխությունը։ (ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքն ընդունվել է 3 անգամ՝ 1992, 2002 և 2012 թվականներին)։ Ներկայում գործող օրենսգրքով տրվող ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումները փոփոխվել են 23 անգամ, որոնց արդյունքում էապես ավելացվել է վարչարարությունը, շատ դեպքերում՝ չարդարացված: Դրանցից են՝
- ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասություններով սահմանված աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը,
- իրավունքի գրավադրման ժամանակ յուրաքանչյուր տարի աուդիտի տվյալների ներկայացումը և գրավադրման պայմանների ստուգումը,
- ենթաօրենսդրական ակտերով տնտեսվարողներից այնպիսի տեղեկությունների տրամադրման պահանջը, որոնց լիազոր մարմինն արդեն իսկ տիրապետում է կամ այնպիսի տեղեկատվություն, որի իսկությունը ճշտելու իրավասություն լիազոր մարմինը չունի,պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերի շահագործման մեկնարկային փուլում պետության կողմից հաստատված պաշարների վերագնահատման պարտադիր պահանջը, որի արդյունքում հանքավայրի շահագործման նախապատրաստման ժամկետը երկարաձգվում է շուրջ 7-10 տարով, որն իր հերթին անիմաստ և ռիսկային է դարձնում ներդրումներ կատարելը,
- Հանրապետությունում գործում են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում կիրառվող օգտակար հանածոների պաշարների դասակարգման և դասակարգման կիրառման հրահանգները, որոնց հիման վրա գնահատված պաշարների վերաբերյալ տեղեկություններն ընդունելի չեն միջազգային բանկերի կողմից, քանի որ դրանք ընկալվում են որպես մեծ ռիսկեր պարունակող տեղեկատվություն։ Նշյալ դասակարգման հիման վրա կատարված հաշվարկների հիմքում ընկած է գնահատված պաշարների ուսումնասիրվածության աստիճանը և հաշվի չեն առնված բնապահպանական և սոցիալական ազդեցությունները, որոնք էլ մեծացնում են արդյունահանման ծրագրերի խոցելիությունը։ Ուստի կազմակերպությունները բանկերից վարկ ստանալու համար ստիպված են պաշարները գնահատել 2 տարբերակով, մեկը՝ բանկի, իսկ մյուսը՝ լիազոր մարմնի համար, ինչը պահանջում է մեծ ֆինանսական ներդրումներ և ժամանակ։
2. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է երեք անգամ (1995, 2014 և 2023 թվականներին), և յուրաքանչյուր անգամ փորձաքննության գործընթացն ավելի է բարդացվել, երկարաձգվել են դրա տևողության ժամկետները, և, հատկապես, օտարերկրյա ներդրողների համար ավելացել է վարչարարությունը, քանի որ մինչև գործունեություն ծավալելը շրջակա միջավայրի ազդեցության գնահատման համար վերջիններս իրավունք չունեն օգտվել սեփական մասնագիտական ներուժից, եթե չունեն ՀՀ-ում գործող հավաստագիր (լիցենզիա)։ Ուստի կամ պետք է օգտվեն Հայաստանում լիցենզիա ստացած մարմնի ծառայություններից կամ իրենք լիցենզավորվեն, ինչը լրացուցիչ ժամանակ և ծախսեր է պահանջում։
Հստակեցված չէ նաև, թե ըստ միջազգային չափանիշների օտարերկրյա մասնագետներին ինչպե՞ս և ո՞վ պետք է գնահատի և տա լիցենզիա։
Ներդրողները Հայաստանից ակնկալում են․
- Հանքարդյունաբերության ոլորտում ներդրողների նկատմամբ առավել բարենպաստ ֆիսկալ ռեժիմների ամրագրում,
- Ներդրումների պատշաճ պաշտպանություն և հավասարեցված մոտեցում,
- Միջազգային առաջադեմ պրակտիկայում ընդունված մոտեցումների, մեթոդների և սկզբունքների տեղայնացում,
- Իրենց համար ռոյալթիի չափի անփոփոխություն՝ ներդրման պահից սկսած առնվազն 7-ից 10 տարի:
Առաջարկվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտում ներդրողների համար որպես ուղղորդող փաստաթուղթ ծառայող ճանապարհային քարտեզ, որը տեսանելի կդարձնի ՀՀ կառավարության տնտեսական և ֆիսկալ քաղաքականության թափանցիկությունը և կանխատեսելիությունը։ Նման մոտեցումը ոչ միայն կապահովի օգտակար արդյունք, այլև կնպաստի նրան, որ համապատասխան բոլոր կողմերն ավելի հստակ պատկերացում ունենան ոլորտում առկա կարիքների, պահանջների ու մարտահրավերների մասին: