Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար. Դմիտրի Լիցկայ

Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար. Դմիտրի Լիցկայ

Ռուսաստանի համար Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի, իսկ նրա կայունությունն ու անվտանգությունն ուղղակիորեն կախված են այս տարածաշրջանի կայունությունից։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը՝ ելույթ ունենալով «Ավանդույթներից դեպի անվտանգություն» ռուս-հայ-վրացական համաժողովում, որը կազմակերպել էր Երևանի «Ռուսական տուն» գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանը տարածաշրջանի ժողովուրդների հետ կապված է դարավոր կապերով, այդ թվում՝ սփյուռքի գծով։ Այդ իսկ պատճառով Հարավային Կովկասում տեղի ունեցողը ցավոտ և զգայուն է անդրադառնում հենց Ռուսաստանի վրա։

«Տարածաշրջանն աշխարհագրական տեսանկյունից մեծ չէ, սակայն աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական խաչմերուկների խտացում է։ Հարավային Կովկասով բարդագույն կոնֆլիկտային հանգույցներ են անցնում, որոնք վերաիմաստավորում և լուծում են պահանջում»,-ասել է նա։

Լիցկայը որպես տարածաշրջանի բոլոր հակամարտությունների լուծում տեսնում է պայմանավորվածությունները և բուն Հարավային Կովկասի երկրների միասնական կարծիքի գալը։ Նա պարզաբանել է, որ տարածաշրջանում ներկա արտաքին ուժերի համար Հարավային Կովկասը մի վայր է, որտեղ փորձեր կատարելու հնարավորություն կա, որովհետև եթե ինչ-որ բան սխալ ընթանա, օվկիանոսից այն կողմ, հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների համար մեծ խնդիր չի լինի:

Իսկ Ռուսաստանը սխալվելու իրավունք չունի, քանի որ ցանկացած սխալ սրացման հերթական փուլ է՝ ներքաղաքական և տնտեսական առումով։ Դա կհանգեցնի նրան, որ տնտեսական զարգացման նախագծերը կրկին կհետաձգվեն, իսկ տարանցիկ ուղիները կդադարեն գործել։

Նա կարևոր է համարում, որ փորձագետները՝ փորձ և գիտելիքներ ունեցող մարդիկ, ձևակերպումներ, առաջարկություններ, թարմ գաղափարներ մշակեն իրավիճակի լուծման համար: Լիցկայն օրինակ է բերում «3+3» հարթակի գաղափարը, որը նույնպես ծնվել է փորձագիտական քննարկումից։ Նրա խոսքով՝ այս ձևաչափը ենթադրում է, որ տարածաշրջանի երկրներն ինքնուրույն, առանց ավելորդ դերակատարների քննարկում են առկա խնդիրը և լուծման ուղիներ են գտնում:

Լիցկայը նշել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխությունը՝ Ռուսաստանի ղեկավարությունը առաջ է քաշում Եվրասիական անվտանգության համակարգի ձևավորման գաղափարը, որպեսզի տարածաշրջանի բոլոր երկրները կարողանան իրենց խոսքն ասել և ընդհանուր կոնսենսուսային տեսլական մշակել:

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա