ACSES-ը վերլուծել է 2025թ պետբյուջեով գիտության ոլորտի ֆինանսավորումը

ACSES-ը վերլուծել է 2025թ  պետբյուջեով գիտության ոլորտի ֆինանսավորումը
ACSES սոցիալ-տնտեսական վերլուծությունների կենտրոնը ներկայացրել է, թե ինչքան կկազմեն 2025 թվականի պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական ոլորտի գծով ծախսերը: Համաձայն հրապարակման․

2025 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծի համաձայն՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2025 թվականին գիտական և գիտատեխնիկական ոլորտին հատկացնել շուրջ 33 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 0.9%-ը։ Նախատեսվող ծախսերը 2024 թվականի ճշտված պլանի համեմատ պակաս են մոտ 8 միլիարդ դրամով կամ ավելի քան 19%-ով։

Ոլորտի ծախսերի շուրջ 43%-ը կուղղվի գիտական հաստատությունների ընթացիկ գործունեության ապահովմանը, այդ թվում՝ ապահովելով 57 գիտական կազմակերպության պահպանումը:
​​2024 թվականին նախատեսվում է ֆինանսավորել 802 թեմայով հետազոտությունների իրականացումը, որին կուղղվի ավելի քան 9 միլիարդ դրամ։
​​​​​​​Գիտական և գիտատեխնիկական ոլորտի գծով ծախսերի մոտ 17%-ը կամ մոտ 6 միլիարդ դրամ կուղղվի ռազմարդյունաբերության համալիրի զարգացմանը, որի շրջանակում կկնքվեն գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների 7 պայմանագրեր, կարտադրվեն 7 փորձանմուշներ:
Գիտության ոլորտի ծախսերի 19% անկումը հիմնականում պայմանավորված է  ժամանակակից սարքավորումներով գիտական կենտրոնների վերազինման գծով ֆինանսավորման կրճատմամբ (-89%), ինչպես նաև արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացման ավելի քան 3 միլիարդ դրամ բյուջե ունեցող միջոցառմամբ, որը ծրագրված է ավարտել 2024թ-ին։