Դավիթբեկցու եւ շուռնուխցու հույսը պետությունն է

Դավիթբեկցու եւ շուռնուխցու հույսը պետությունն է

Սյունիքի մարզի Շուռնուխ ու Դավիթբեկ սահմանամերձ գյուղական համայնքների բնակիչները մտահոգ են՝ արոտավայրերի մեծ մասը սահմանազատման արդյունքում մնացել է ադրբեջանական հսկողության ներքո։ Այս պարագայում ձեռնտու չէ զբաղվել անասնապահությամբ։ «Նախ, անասունը որ անցնի նրանց  տարածք՝ հո չենք գնալու հետեւից, սկի որ գնանք էլ՝ հետ չեն տա։ Հետո էլ պահելու խնդիր կա՝ գոմ եւ այլն»,–ասում է շուռնուխցի Արմեն Հարությունյանը։

«Կովս Շուռնուխում՝ հարեւանի գոմում է, մնացած կենդանիներին էլ մորթել, վաճառել եմ: Ես ընտանիքիս հետ Գորիսում եմ հիմա ապրում, կովը տանեմ՝ որտե՞ղ պահեմ, սկի ընտանիքս մնալու տեղ չունի»,–ասում է նա։

Դավիթբեկցի Երվանդ Դանիելյանը էլ կնոջ հետ անցած տարվա նոյեմբերին տեղափոխվել է Կապան՝ տղայի տուն։ Կինը՝ Նելլի Հարությունյանը Դավիթբեկի դպրոցում անգլերենի ուսուցչուհի է։ Շաբաթական 5 օր՝ կնոջը  Կապանից բերում է գյուղ ու հետ տանում։ Կապանից Դավիթբեկ՝ 23 կմ է։

Ադրբեջանի կողմից սանձազերծված սեպտեմբերյան պատերազմից հետո չի կարողացել վառելափայտի հարց լուծել,  ստիպված ձմռանը նախընտրեց քաղաքում մնալ։ «82 կգ երինջս մորթեցի, որ էդ քաշով խորհուդ չեն տալիս մորթել։ Մի կովս էլ տվել եմ ծանոթիս՝ Ըրկենանց գյուղում է պահում, ամսական 15 հազար դրամ եմ տալիս»,–ասում է մեր զրուցակիցը։ Երվանդ Դանիելյանի խոսքով,  մի քանի օր առաջ զանգեցին՝ ասեցին, որ կովը ծնել է։ «Ասացի՝ հալալ ա ձեզ, կաթը ինչ ուզում եք արեք, գարնանը կգամ՝ կովս ու հորթս տանելու։ Հիմա որ հաշվարկենք՝ կտեսնենք, թե ես ու իմ նման շատերն  ինչ անորոշ վիճակում ենք»,–նշում է Երվանդը։

nor.png (7.24 MB)

«Գյուղացին, համայնքի ղեկավարն այսօր անզոր են:  Դրանք լուրջ տնտեսական, կասեի նաեւ միջպետական հարցեր են»,– ասում է Երվանդ Դանիելյանը,  ով երկար տարիներ Դավիթբեկի կոլտնտեսության նախագահ է աշխատել և  իր փորձից ելնելով համոզված է, որ առաջացած խնդիրները պետությունը հնարավորինս արագ պետք է լուծի, քանի դեռ դրանք նոր բարդությունների առաջ չեն կանգնեցրել։