Լոռու մարզպետն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 17-ին հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսին և Եվրոպական միության անդամ պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Դանիա, Ֆինլանդիա, Հունաստան, Նիդերլանդներ, Լատվիա, Լիտվա, Սլովակիա, Շվեդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Ռումինիա, Կիպրոս) արտակարգ և լիազոր դեսպաններին, դեսպանատների ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Անի Բաղդասարյանը:
Մարզպետ Արամ Ղազարյանը մասնավորապես անդրադարձել է Եվրամիության «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրին, որի շրջանակներում ստեղծվել և ակտիվորեն գործում են հինգ տեղական ակտիվ խմբեր, որոնք մշակել են իրենց ռազմավարական գործողությունների ծրագրերն՝ ուղղված համայնքների բազմակողմանի զարգացմանը:
Մարզի ղեկավարն առանձնացրել է հատկապես Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը և նշել, որ այն մեծագույն աջակցություն է Լոռու մարզկենտրոնի համար: Ծրագիրը, ինչպես հայտնի է, մեկնարկել է 2021թ փետրվար ամսին և տևել է 40 ամիս՝ ավելի քան 4 մլն եվրո բյուջեով։ Ծրագիրն իրականացվել է Վանաձորում և Գյումրիում՝ Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:
Ձեռք են բերվել 5-ական ավտոբուսներ յուրաքանչյուր քաղաքի համար, լիցքավորման 6 կայաններ Գյումրի և Վանաձոր քաղաքների համար, միասնական տոմսավավերացման համակարգ, աշխարհագրական տեղեկատվական համակարգ gismap.am, շուրջ 660 պլաստիկի և 660 խառը աղբի համար նախատեսված աղբարկղեր, փոքր մայթերը և այգիները մաքրող մեքենա, կարշեր: Անց են կացվել վերապատրաստման դասընթացներ, իրականացվել են մաքրության շաբաթներ և այլն:
Ներկա դեսպանների և իր անունից շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Վասիլիս Մարագոսը նշել է, որ Եվրամիությունը մեծապես շահագրգռված է Հայաստանի մարզերի զարգացման, տնտեսության դիվերսիֆիկացման հարցում և Լոռու մարզն այն կարևոր մարզերից է, որտեղ ծրագրեր են իրականացվում::
Նա ասել է, որ Եվրամիությունը շահագրգռված է տեղական փոքր և միջին բիզնեսին ու քաղաքացիական հասարակության զարգացմանն աջակցելու հարցում ևս:
Կողմերն անդրադարձել են նաև մայիսի 25-26 Լոռու մարզի մի շարք բնակավայրերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքների վերացման ընթացիկ աշխատանքներին, ծրագրերին: Քննարկվել են նաև տարբեր ոլորտներում համագործակցության, համատեղ մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր ևս: