Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական հոգսերը

Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական հոգսերը

Գեղարքունիքի մարզը մեր երկրի անասնապահական, կարտոֆիլի  և հացահատիկի մշակության կարևոր մարզերից է, սակայն, այժմ  անասնապահության առումով արդեն սահմանային գյուղերը բարձրադիր արոտների օգտագործման խնդիրներ ունեն, հացահատիկի մշակության առումով էլ  վիճակը բարվոք չէ:

Ըստ վիճակագրության կոմիտեի տվյալների, 2016թ-ին Գեղարքունիքի մարզում մշակվել են 35 875 հացահատիկի և հատիկաընդեղենային մշակաբույսեր, իսկ 2020թ-ին՝ 22 989 հա: Համախառն բերքը 2016թ-ին հաշվարկվել է 88,6 հազ տոննա, իսկ արդեն 2020թ-ին՝ 36,7 հազ տոննա:

2016թ-ին մարզի կարտոֆիլի ցանքատարածությունները կազմել են 10 239 հա, իսկ արդեն 2020թ-ին՝ 7 995 հա:

Անզեն աչքով էլ պարզ է, որ տարեցտարի թե ՛ հացահատիկիթե ՛ կարտոֆիլի ցանքատարածությունները մարզում նվազում են: Նկատի ունենալով մարզի սահմանամերձ լինելը՝ ի՞նչ է կատարվում սահմանամերձ գյուղերի արոտավայրերի հետ, ինչո՞ւ են քիչ մշակում և ինչո՞ւ այդքան պահանջված հացահատիկի ցանքատարածությունները կտրուկ չեն ավելացել՝ համաշխարհային պարենային ճգնաժամի ֆոնին:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը նշեց, որ 2021 թ․-ի աշնանը մարզում կատարվել է 9 400 հա աշնանացան, նախորդ տարվա համեմատ  50-60 հա-ով նվազել է, իսկ 2016թ-ի համեմատ զգալի է նվազել. 7 տարի առաջ ցանվել էր մոտ 14 հազար հա:

Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ տարեցտարի նվազել է հացահատիկի, մասնավորապես ցորենի մշակությունը, պատասխանեց, որ դիզվառելիքն ու պարարտանյութերը թանկացել են։

Ինչ վերաբերում է  գարնանացանին, ապա փաստեց,   որ տարիներ առաջ, երբ հացահատիկի ցանքատարածություններն ավելի էին՝ դրան  օգնում էին  նաև սերմացուի տրամադրումը դիվազվառելիքի ու պարարտանյութի սուբսիդավորվումը, իսկ այս տարի գարնանն անձնական կապերի միջոցով են գարու սերմացու ձեռք բերել:

«Մեր գյուղաբնակն այլ աշխատանք չունի՝ հողագործությունն է՝ պետք է ցանի.։ Մերը գարին, ցորենը, կարտոֆիլն է»,- ասաց Մարտին Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է կարտոֆիլի ցանքատարածություններին, ապա փոխանցեց, որ այս տարի տնկվել է այնքան, ինչքան նախորդ տարի՝   8 000 հեկտարի  չափ, սակայն մարզում ցրտահարություն է եղել:

Մ. Պետրոսյանն անդրադարձավ նաև արդեն սահմանամերձ դարձած գյուղերի հողատարածքների խնդրին, ասաց, որ մարզպետարանը  գյուղերին առաջնահերթություններ է տալիս՝ պարարտանյութ և այլն:

Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերի արոտավայրերին, փոխանցեց, որ արոտավայրեր կան դիտարկման տակ, սակայն դեռևս այդ հատվածներ կենդանիներին չեն տարել արոտի՝ բարձր են, այժմ օգտագործվում են  մշտական օգտագործման արոտավայրերը:

«Նորաբակ, Վերին Շորժա, Կութ գյուղերի որոշ հատվածները դիտարկման տակ են, իսկ խոշոր եղջերավորները, որ տարիներով ազատ տեղաշարժվել են, ծանոթ են ռելիեֆին՝ դժվար է նրանց արոտի հարցը սահմանամերձ տարածքներում կազմակերպելը,  կենդանիները նախընտրում են խոտառատ արևահայաց լանջերը, անասնապահը միշտ պետք է կողքին լինի»,-ասաց Մ. Պետրոսյանը:

Նրա խոսքով,  այս տարի ադրբեջանցիների կողմից անասնագողության դեպքեր չեն արձանագրվել, իսկ նախորդ տարվա դեպքերից առանձնացրեց 80 անասնագլխաքանակի գողությունը, որը պատկանում էր կութեցի 5 ընտանիքի, գլխաքանակը չեն վերադարձրել, մարզպետարանն է աջակացություն տրամադրել այդ ընտանքիներին:

Եղանակային ներկայիս պայմաններում հույս կա, որ Հայաստանի բարձրադիր այս մարզում բերքն այնքան էլ վատ չի լինելու, եթե կարկտահարություն չլինի։

Հավելենք, որ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի 18%-ը, վարելահողերը 19.3%-ը, իսկ խոտհարքները` 25.6%-ը: Մարզի գյուղատնտեսական հողատեսքերի մեջ մեծ կշիռ ունեն արոտավայրերը՝ 47.1%: