Մհեր Գրիգորյան.Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցի լուծումը բանակցություններն են

Մհեր Գրիգորյան.Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցի լուծումը բանակցություններն են

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգի հաստատման դեպքում ու հանձնաժողովների համատեղ գործունեության ընթացքում ցանկացած ռազմական գործողություն կլինի դելեգիտիմ։  Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ի պատասխան պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք «պե՞տք է կանոնակարգում նշվի, որ որևէ ռազմական գործողություն չպետք է նախաձեռնվի մինչև սահմանագծման ավարտը»,Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ կանոնակարգի հիմնական գործառույթն այն է, որ վեճերը լուծվեն ոչ թե ուժային գործիքակազմով, այլ այն հարթակում, որը կստեղծվի կանոնակարգի հաստատման պարագայում: 

«Իմ կարծիքով՝ այդ դեպքում շատ տարօրինակ կլինի, որ այս կամ այն վիճելի խնդիրը կողմերը լուծեն ռազմական ճանապարհով: Մենք առիթ չենք տվել, որ նման բան տեղի ունենա: Մեր նախորդ հանդիպումները բավարար են գնահատական տալու համար, որ հանձնաժողովների հանդիպումների միջոցով խնդիրների լուծման ձևաչափն արդյունավետ ու աշխատող է: Եթե կա աշխատող ձևաչափ և այդ ձևաչափի մեխանիզմի առկայության պարագայում տեղի է ունենում ռազմական գործողություն, դա բացատրություն չի ունենալու: Ավելին ասեմ՝ լինելու է դելեգիտիմ: Մենք համարել ենք, որ այս խնդիրը պետք է լուծել երկկողմ բանակցությունների միջոցով՝ առանց որևէ միջնորդի»,-շեշտեց փոխվարչապետը: