Գեղարքունիքում պետության աջակցությամբ տնտեսություններ են հիմնվում
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Սևան համայնքի Գագարին բնակավայրում գործող ջերմոցային տնտեսություն, որը հիմնադրվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում։
Ջերմոցային տնտեսությունը, որտեղ արտադրվում են տարբեր տեսակի ծաղիկներ՝ կառուցվել է 2 փուլով։
Առաջին փուլով կառուցվել է 3,3 հա՝ 4 միլիարդ 600 միլիոն ներդրմամբ, իսկ երկրորդ փուլով՝ 3,4 հա, 2 միլիարդ 900 միլիոն դրամ ներդրմամբ։
Այսպիսով՝ ջերմոցային տնտեսության հիմնման ու գործունեության ապահովման նպատակով մինչ այժմ ներդրվել է 7 միլիարդ 500 միլիոն դրամ, որտեղ պետական աջակցությունը վարկի սուբսիդավորման տեսքով կազմում է 3 միլիարդ 100 միլիոն դրամ։
Ջերմոցների շինարարության ժամանակ բացվել է ավելի քան 250 ժամանակավոր աշխատատեղ, իսկ աշխատանքների ավարտից հետո՝ 200 մշտական աշխատատեղ։
Ջերմոցներն աշխատում են ավտոմատացված համակարգով, գործում է կաթիլային ոռոգման համակարգ։
Ողջ արտադրանքը ամբողջությամբ արտահանվում է։
Ընկերությունը նպատակ ունի՝ առաջիկա երկու տարիների ընթացքում ջերմոցային տնտեսության ծավալները կրկնապատկել, ինչի շնորհիվ Գագարինում ու շրջակա բնակավայրերում նվազում է գործազրկությունը, էապես բարելավվում է մարդկանց սոցիալական վիճակը։
Մարզպետ Կարեն Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց ներդրումային ծրագրի իրականացման ընթացքից ու արդյունքներից և հավաստեց, որ իր լիազորությունների շրջանակներում շարունակելու է աջակցել ջերմոցային տնտեսության հետագա ընդլայնման ծրագրի իրականացմանը։
«Ուրախալին ու կարևորն այն է, որ Գագարինի ջերմոցային տնտեսության հիմնադրման ու գործունեության ապահովման ուղղությամբ կատարված նեդրումներն ամբողջությամբ ծառայել են ծրագրի բուն նպատակին՝ ապահովելով սպասված արդյունքները։ Սա նաև համոզիչ օրինակ է առ այն, որ կառավարությունը խթանում է տնտեսության զարգացումը ներդրումների միջոցով՝ խրախուսելով մասնավոր ձեռնարկատիրությունը։ Իսկ ամենակարևորն այն է, որ նման ծրագրերի միջոցով մարդիկ աշխատանք ու բարեկեցություն են կարողանում գտնել հայրենի հողի վրա։
Անշուշտ, նման ներդրումների շնորհիվ արդեն տեսանելիորեն զարգանում է մեր մարզի տնտեսությունը՝ փոխելով նաև մարդկանց կյանքի որակը»,-այցի ավարտին իր տպավորությունները ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։