Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում

ՀՀ կառավարությունն առաջարկում է երկու փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում: Առաջինը ենթադրում է հարկային հաշիվներում ապրանքների վաճառքի ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ներառման հնարավորություն եւ սահմանվում է, որ Կառավարության կողմից սահմանված դեպքերում, ժամկետներում եւ կարգով այդ ծածկագրեը` ըստ ապրանքների տեսակների, կներառվեն հարկային հաշիվներում:
Այս մասին հոկտեմբերի 24-ին կայացած ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Երկրորդ փոփոխությունը, ըստ ՊԵԿ փոխնախագահի, վերաբերում է հսկիչ նույնականացման նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ծածկագրերի նույնականացման նշանների վերաբերյալ տեղեկությունը հարկային հաշիվներում ներառելուն, ինչը եւս նախատեսվել է օրենքով լիազորել Կառավարությանը:
Պատգամավորների հարցերը վերաբերել են ԱՏԳ ԱԱ ծածկագրեր որոշելուն, դրանց հնարավոր բարդություններին եւ այլ թեմաների:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը: