Առողջապահության նախարարությունում մտահոգված են ուսումնասիրությունների արդյունքներից

Առողջապահության նախարարությունում մտահոգված են ուսումնասիրությունների արդյունքներից

Սոցիալական ցանցերում մտահոգիչ են հղի կանանց և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին ուղղված կրծքի կաթի փոխարինիչների թվային մարքեթինգի ծավալները

Առողջապահության նախարարության և ԱՀԿ նախաձեռնած հետազոտության արդյունքների ներկայացմանը մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Հետազոտության 68 մասնակիցները` հղի կանայք և մայրերը, սոցիալական ցանցերի միջոցով ստացել են ավելի քան 300 գովազդ, որոնցից 238-ն ուղղակիորեն առնչվել են կրծքի կաթի փոխարինիչներին և հավելյալ սննդին, իսկ 65-ը վերաբերել է մանկական սնունդ և հարակից ապրանքներ ցուցադրող կամ գովազդող խանութների վեբկայքերին:

Հետազոտության արդյունքները որոշակի պատկերացումներ են տալիս Հայաստանում հղի կանանց և մայրերին ուղղված կրծքի կաթի փոխարինիչների և մանկական այլ սննդի և հարակից ապրանքների թվային մարքեթինգի ներկայիս ոլորտի վերաբերյալ:

«Պետության պարտավորությունն է ստեղծել միջավայր, որը կնպաստի մոր` երեխայի սնուցման վերաբերյալ ճիշտ ընտրությանը` զերծ մնալով մարքեթինգային շահեր հետապնդող, մոլորեցնող գովազդներից: Այդ նպատակով Հայաստանում ընդունվել է օրենք, որտեղ տեղայնացվել են կոդ-մարքերթինգի հիմնական դրույթները, այս տարի Առողջապահության նախարարության սահմանել է ծննդատներում կրծքով կերակրման խորհրդատուի առկայության պահանջ: Այսուհանդերձ, թվային տեխնոլոգիաների տարածմամբ ընդլայնվում են նաև մարքեթինգային հնարքներն ու գովազդի հնարավորությունները և դրանք դառնում են ավելի ու ավելի թիրախավորված»,-նշել է Արմեն Գասպարյանը:

Նրա խոսքով` հետազոտության արդյունքները կարևոր են, քանի որ ներկայացնում են թվային միջավայրում խախտումները, դրանց առանձնահատկությունները` օգնելով ավելի նպատակաուղղված և թիրախային դարձնել քաղաքականությունը:

«Երեխայի կյանքի առաջին երկու տարիների ընթացքում պատշաճ սնուցումն առանցքային է հիվանդությունների ռիսկի նվազեցման և երեխայի զարգացումը խթանելու համար, և ԱՀԿ-ն պարտավորվում է խրախուսել մայրերին, խնամակալներին, ընտանիքներին և համայնքներին` կատարել տեղեկացված ընտրություն նորածինների և երեխաների պատշաճ սնուցման վերաբերյալ», նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան։

Հանդիպմանը ներկա էին նաև առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, ովքեր ներկայացրել են իրենց փորձը, արել առաջարկներ` կրծքով կերակրումը՝ որպես նորածինների սնուցման օպտիմալ աղբյուր խրախուսելու ուղղությամբ:

Հետազոտության արդյունքներն ամբողջությամբ` https://t.ly/vCYu9