ՀՀ բոլոր ծխախոտ ներմուծողներն ու արտադրողները տուգանվել են ԵԱՏՄ կանոնակարգը խախտելու համար. ՇՎՏՄ

Ըստ ՀՀ հակածխախոտային օրենքի 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր ՀՀ տարածքում արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրանքների տուփերի վրա պետք է պատկերված լինեն վերջինիս օգտագործման վնասակարության մասին տեղեկացնող ու նախազգուշացնող պատկերներ։ Ստացվում է, որ առանց նկար թույլատրվում է իրացնել միայն մինչ այդ արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրատեսակները։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ծխախոտային արտադրատեսակների ներմուծմամբ եւ արտադրությամբ զբաղվող բոլոր ընկերություններում եւ պարզել, որ բոլորն, առանց բացառության, այս տարվա հունվարի 1-ից հետո շրջանառության մեջ են դրել ծխախոտային արտադրատեսակներ, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգի» պահանջներին։ Ընկերությունները տուգանվել են 400 հազարական դրամով։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։
Աղբյուրը՝ NEWS.am